Մեր ձեռքբերումներն իրենց վրա են ուզում քաշել, բայց սա ուղղակի ծիծաղելի է. Հասմիկ Հակոբյան

«Հաստատ Կարապետյանների ընտանիքի քաղաքական դաշտում ի հայտ գալը չէր պատճառը, որ մենք 2018 թվականից հետո մոտավորապես 300 հազար աշխատատեղ ենք բացել: 2021 թվականին խոստացել էինք միջին աշխատավարձը բարձրացնել մինչև 300 հազար դրամ, այսօր ունենք իրավիճակ, երբ միջին աշխատավարձը մեր խոստացածից ավել է բարձրացել: Հաստատ իրենք չեն պատճառը, որ բոլոր համայնքներում կան նորակառույց դպրոցներ և մանկապարտեզներ և դա շարունակական քաղաքականություն է, իրենք չեն պատճառը, որ մենք խաղաղության մեջ ենք ապրում, որ սահմաններին զոհ չկա, այդ բոլորը մեր քաղաքականության արդյունքն է»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ նրանց մոտ որոշակի սինդրոմ է, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում. «Մեր ձեռքբերումներն իրենց վրա են ուզում քաշել, բայց սա ուղղակի ծիծաղելի է»,- նշեց պատգամավորը:

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը հաջողության ժամանակ ունենալու է միայն ՀՀ քաղաքացիություն: Հակոբյանի խոսքով՝ Կարապետյանը չի կարող լինել վարչապետ. «Մեր օրենքը հստակ ասում է, որ երկքաղաքացին չի կարող լինել վարչապետ, իսկ տվյալ անձն անգամ երեք երկրի քաղաքացի է, ի սկզբանե դրա մասին քննարկելն արդեն իսկ աբսուրդ է: Դա ավանսով քաղաքացիությունից հրաժարվել է, այսինքն՝ ուլտիմատում է դնում քաղաքացիների առաջ, ուզում է հրաժարվել քաղաքացիությունից, մնալ միայն ՀՀ քաղաքացի՝ թող հրաժարվի, ինչու է ուլտիմատում դնում ու մարդկանց ստիպում, որ իրեն ընտրեն, նոր հրաժարվի, սա օրինակ՝ ինձ համար վիրավորական է: Սա դրական առումով իրենց վրա չի ազդելու, որովհետև արժանապատվություն ունեցող մարդիկ դրան վատ են վերաբերվելու»:

Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, հենց այդ պատճառով է Փաշինյանը նրան կալանքի տակ պահում: Հակոբյանի դիտարկմամբ՝ Կարապետյանը դրա համար չէ փակի տակ. «Երևի եղբոր տղային խնայել են ու չեն ասել, թե ինչի համար է իր հորեղբայրն այժմ հատուկ վայրում, երևի բացահայտում անեմ․ օրենքներ կան և ՀՀ-ում Սահմանադրություն գոյություն ունի, որը եթե կարդան՝ կտեսնեն, թե ինչն է արգելված: Մեզ մոտ բացարձակ որևէ մտահոգություն չկա որևէ մարդու քաղաքական հայտի հետ կապված, թող մասնակցեն ընտրություններին, ով սահմանադրական խախտում չի անում, համապատասխանում է այն բոլոր ցենզերին, որոնք կան թեկնածուի համար, թող մասնակցի, քաղաքացին իր ձայնով կտա բոլոր պատասխանները: Բոլոր մրցակիցներին հարգանքով ենք մոտենում, լրջության կամ անլրջության հարց բնավ չկա, նրանց հավաքած ձայներից հետո ամբողջական լրջության և անլրջության պատասխանաը կտա քաղաքացին»:

Ինչ վերաբերում է Կարապետյանի այն հայտարարությանը, թե իրենք առաջարկում են, որ խաղաղության պայմանագրով լինի մեկից ավելի երաշխավոր՝ Հակոբյանը նշեց. «Թե՛ Կարապետյանները, թե՛ իրենց գործընկեր կուսակցություններն ասում են՝ դե խաղաղությունը լավ բան է, որովհետև հասկանում են, որ չեն կարող ասել խաղաղության պայմանագրի թուղթը կճղենք, նման բան ասացին, հետո հասկացան, որ շատ վատ ընկալվեց հասարակության կողմից, հիմա այլ ձևակերպում են տալիս: Ասում են մենք խաղաղություն ենք բերելու ու բերում են այն բոլոր հանգամանքները, որոնք չեղարկելու են խաղաղության համաձայնագիրը, այսինքն՝ իրենք պատկերացնում են, որ ԱՄՆ-ի հետ ՌԴ-ն լինելու է երաշխավո՞ր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ