Ավստրիայում կայացած Եպիսկոպոսական ժողով-հավաքը ևս մեկ ապացույց է ՀԱՍԵ ներկա կացության թշվառության և պերճանքի․ Գրիգորյան

«Անկյունաքար» հրատարակչության տնօրեն, թարգմանիչ Խաչիկ Գրիգորյանը սոցցանցի իր էջում հրապարակում է արել, որը վերնագրել է․ «Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի պերճանքն ու թշվառությունը»։

«Շատ կարևոր էր, որ Եպիսկոպոսական ժողով-հավաքը վերջապես կայացավ։ Վերջին ամիսների իրարանցումն ու խժդժությունը հանգուցալուծվեց, պարզորոշվեց ու հարցերի պատասխանները հստակեցվեցին։

Մեկ անգամ ևս պարզորոշվեց, որ

1) Մայր Աթոռի գահազավթ Գարեգին Բ-ն և իր աջակից խմբակները անտարբեր են և ականջալուր չեն հասարակության լայն շրջանակների կողմից բարձրացրած խնդիրներին և պատրաստ չեն լուծումներ տալ դրանց։ Որքան էլ տարբեր լրատվականներով ու հասանելի միջոցներով արծարծվում են համազգային մտահոգություններ, միևնույնն է կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը և նրան կուրորեն հետևորդները անհաղորդ են դրանց։

2) Ավստրիայում կայացած Եպիսկոպոսական ժողով-հավաքը ևս մեկ ապացույց է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկա կացության թշվառության ու պերճանքի։ Խնդիրը ժողովի անարդյունավետությունն ու հայտարարության ամլությունը չէ միայն, այլ ժողովին ներկա բարձրաստիճան հոգևորականների` Պետության,Եկեղեցու և ազգի առջև ծառացած լրջագույն խնդիրների նկատմամբ դրսևորած եղկելի անտարբերությունը։ Անհայրենիք, համայնքային հոգեբանության տեր բարձրաստիճան նման հոգևորականները հենց իրենք են վտանգ ներկայացնում թե Պետության, թե Սփյուռքի համար։ Սա է Սուրբ Էջմիածնի անփառունակ գահակալի 26 տարիների իրական դեմքն ու նկարագիրը։

3) Հավատացյալներին ու ազգի ապագայով մտահոգ հայրենակիցներին այսօր այդքան Գարեգին Բ- ն չի անհանգստացնում, քանի որ նրա հեռանալը ժամանակի հարց է, որքան նրանից հետո եկեղեցու, պետության, Աստծու, Աստվածաշնչի ու ազգի հետ բացարձակ կապ չունեցող հոգևոր դասի նմանատիպ կերպարները, որոնց հետ ստիպված են հաղորդակից լինել այստեղ կամ Սփյուռքում։

4) Նույն ավելորդ իրարանցումն է գեներացվելու մարտի 10-ից Մայր Աթոռում սկսվող Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովին ընդառաջ։ Անպտուղ թզենու պես անարդյունավետ ԳՀԽ, որին Պոլսի Սահակ Պատրիարքն անվանել է հեղինակազուրկ ու անպիտան կառույց։

Դեռ որքան պիտի շարունակվի Մայր Աթոռից հնչող կեղծիքն ու սուտը, պետականության դեմ մարտնչումը, Սփյուռքին Հայրենիքից օտարացնելը, հասարակության պառակտումը, օտարի շահերին ծառայելը, հոգևոր կյանքի անապատացումը։ Այս ամենի համար պատասխանատվություն են կրում ոչ միայն Գարեգին Բ-ն և իր դաստիարակած հոգևոր դասի կամազուրկ անդամները, այլև քաղաքական ու հասարակական այն բոլոր կառույցները, որոնք ներքաշեցին Մայր Աթոռին քաղաքական գործընթացների մեջ և արդարացրեցին մեղքն ու անտարբերությունը»,- ասվում է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ