ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարան են հանձնվել

Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։

«Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ. Մ.-ի և Ռ. Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա. Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախկին նախարարին պատկանող և ապօրինի ծագում ունեցող գույքեր էին դիտվել նաև նրա կնոջ՝ Ռ. Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա. Բ.-ի անվամբ գրանցված, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած դիմումների հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ի և 23-ի որոշումներով վերոնշյալ երկու անշարժ գույքերի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ էին կիրառվել՝ արգելելով Ա. Բ.-ին որևէ գործողություն կատարել դրանց տնօրինման հետ կապված: Դատարանի որոշումների հիման վրա Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշված գույքերի նկատմամբ կիրառվել էին օտարման սահմանափակումներ, որի վերաբերյալ որոշումը հանձնվել էր Ա. Բ.-ին:

Վարչության իրականացրած ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ կազմված եզրակացության հիման վրա 2022 թվականի ապրիլի 27-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Ա. Բ.-ի անվամբ գրանցված, սակայն փաստացի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող վերոնշյալ անշարժ գույքերի՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող մասերը:

Ռ. Խ.-ն Սեյրան Օհանյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված և իրենց կողմից փաստացի տնօրինվող ապօրինի ծագում ունեցող, քրոջ դստեր՝ Ա. Բ.-ի անվամբ ձևականորեն գրանցված, Նալբանդյան փողոցում գտնվող անշարժ գույքերը պետության կողմից բռնագանձելու համար իրավական խոչընդոտներ առաջացնելու նպատակով որոշել է այդ գույքերը ձևականորեն օտարել իր ցանկալի անձ Կ. Մ.-ին: Ռ. Խ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ա. Բ.-ն և Կ. Մ.-ն քաղաքացիական դատարան ներկայացնելու դիտավորությամբ կեղծել են ապացույց: Մասնավորապես հետին ամսաթվով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի թվագրմամբ, կազմել և առանց նոտարական վավերացման կնքել են Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր: Պայմանագրերի համաձայն՝ նշված անշարժ գույքերը համապատասխանաբար 502 միլիոն 220 հազար դրամ և 123 միլիոն 250 հազար դրամ արժեքով օտարվել են Կ. Մ.-ին: 2022 թվականի հունիսի 23-ին Կ. Մ.-ն, հայցադիմումի հիմքում դնելով նշված կեղծ ապացույցը՝ իր և Ա. Բ.-ի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագրերը, դրանք ներկայացրել է քաղաքացիական դատարան: Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի վճռով Կ. Մ.-ի հայցադիմումը բավարարվել է, այդ գույքերի նկատմամբ ճանաչվել է Կ. Մ.-ի սեփականության իրավունքը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Ռ. Խ.-ն, 2022-2024 թվականներին լինելով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:

2026 թվականի փետրվարի 3-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ. Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը կազմակերպելը), գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կազմակերպելը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ռ. Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա. Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը), գործող Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) և Կ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով և գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններին օժանդակելը):

Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ. Մ.-ի և Ռ. Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա. Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ