![]()
«Մայրն անընդհատ զանգում էր, պահանջում էր երեխաներին, կարոտել էր: Երեխաներն էլ արդեն բավականին հանգիստ վիճակում էին, պատրաստ էին տուն վերադառնալ, շատ կարոտել էին մորը, ուզում էին հետն ապրել»,-Ծափաթաղում հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրները մի քանի ամիս ՀՕՖ-ում անցկացնելուց հետո տանն են մոր հետ՝ այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը: Այս ամիսների ընթացքում մայրը, բարեկամները մշտապես այցելել են խնամքի հաստատությունում գտնվող երեխաներին:
Երեխաները տուն են տարվել միայն այն ժամանակ, երբ մարզի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի համար պարզ է դարձել՝ մայրը տեղյակ չի եղել 3-ամյա Տիգրանի սպանության մասին:
«Երեխաներին վերադարձնելուց առաջ էլ նիստ ենք գումարել, հրավիրել ենք ՀՕՖ-ի ներկայացուցիչների, սոցիալական աշխատողների, որոշում ենք կայացրել, որ երեխաները վերադառնան ընտանիք: Նաև տունայց ենք արել, կոմունալ կենցաղային պայմաններ ենք նայել, տեսել կուտակված սնունդը, սառնարանի պարունակությունն էլ ենք նայել, վառելիքի պաշարը»,- ասաց Գալոյանը և նշեց, որ այս ընտանիքին մարզպետը 100 հազար դրամ գումար է տվել, համայնքը ևս օգնություն է ցուցաբերել:
Ընտանիքը առնվազն առաջիկա 6 ամիսներին կգտնվի պատկան մարմինների ուշադրության ներքո՝ դպրոցի տնօրինություն, վարչական ղեկավար, մարզպետարան.«Այդպես ծնողն էլ զգաստ կլինի, ամեն օր վերահսկողության տակ են, դպրոց ենք զանգահարում, ճշտում երեխաները գնացել են, թե ոչ», — նշեց մեր զրուցակիցը, նրա խոսքով՝ երեխաներից 3-ը գնում են դպրոց, մեկը՝ դեռ ոչ:
Չխոսող երեխան, որ ներկա էր եղել եղբոր սպանությանը, բավական հանգիստ վիճակում է, երեխաներից մեկի մոտ կան խորացված հոգեկան առողջության խնդիրներ, ՀՕՖ-ում նրա հետ շատ են աշխատել, հիմա համայնքի համապատասխան մարմիննեն էլ պետք է շարունակեն աշխատանքը:
Երեխաները շարունակելու են ապրել Ծափաթաղի իրենց տանը՝ միայն մոր հետ, հորաքրոջ ընտանիքն առանձնացել է.«Տնտեսություն, անասուններ կիսվել են: Մայրը չի աշխատում ու չի էլ աշխատելու, բայց անասուններ ունեն, մեղուներ, հավեր, գուցե ժամանակ առ ժամանակ գնա աման լվանալու կամ մաքրությամբ զբաղվի»:
Թեև այս ընտանիքի սոցիալական ոչ բարվոք պայմանները աչք են ծակում, բայց ըստ Գալոյանի, երեխաներն անկախ ամեն ինչից անգամ այդ միջավայրում են պատրաստ մնալ, միայն թե մոր հետ լինեն.«Իրենց միջավայրն է, այդ երեխաները ձգտում են այդ միջավայրին, իրենք լավ են, երջանիկ են: Դա է իրենց կենցաղը, այդ համայնքում շատ մարդիկ են այդ կենցաղով ապրում: Երեխաների լավագույն շահը թելադրել է մոր հետ միություն»,- ասաց Մամիկոն Գալոյանը:
![]()