![]()
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Անվտանգության և վերահսկողության, ինչպես նաև Տեխնիկական տնօրինությունների կողմից իրականացվող՝ ՀՀ ողջ տարածքում տեղակայված թվով շուրջ 322 հատ 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են։
«Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ Ընկերության բոլոր մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների և Իրացման տնօրինության համապատասխան մասնագետների մասնակցությամբ:
Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ մատնանշեց ՀԷՑ-ի բաշխման ցանցում իրականացված ստուգայցերի արդյունքում վերհանված կրիտիկական վիճակում գտնվող թվով 15 բարձրավոլտ ենթակայանների ներկայիս վիճակը:
Տրվեցին հատուկ հանձնարարականներ՝ վերջիններիս տեխնիկական և անվտանգային իրավիճակի շտկման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար։
Ենթակայանների ներկայիս աշխատունակ վիճակը պահպանելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով՝ Ժամանակավոր կառավարչի հանձնարարականի հիման վրա իրականացվող միջոցառումները բաժանվել են երեք մասի.
▪️մասնաճյուղերի տեխնիկական անձնակազմի մասնակցությամբ և լոկալ միջոցներով կատարվող ամսական/տարեկան սպասարկման և շահագործման աշխատանքներ, այդ թվում՝ պլանային աշխատանքների պատշաճ իրականացում,
▪️հրատապ միջամտության կարիք ունեցող ենթակայանների դեպքում՝ համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ, անհրաժեշտ անհետաձգելի աշխատանքների իրականացում,
▪️մի շարք ենթակայանների վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված անհրաժեշտ և հրատապ ծրագրերի մշակում՝ միջնաժամկետ կտրվածքով:
Կարևոր է նշել, որ ՀԷՑ-ի շահագործման ներքո գտնվող բարձր լարման վերջին ենթակայանը գործարկվել է 1972–1973 թվականներին, և վերջին տասնամյակում 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների վերանորոգման ուղղությամբ համակարգային աշխատանքներ չեն իրականացվել:
Արձանագրենք, որ գրեթե բոլոր ստուգայցի ենթարկված ենթակայաններում բացակայում են ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերն ու սանիտարահիգիենիկ պայմանները:
Ենթակայաններում առկա սարքավորումները գտնվում են հնամաշ վիճակում և ենթակա են փոխարինման՝ առաջիկա ներդրումային ծրագրերի շրջանակներում։
ՀՀ ողջ տարածքում իրականացված լայնածավալ ստուգայցերի արդյունքում արձանագրվել են բարձրավոլտ ենթակայաններում առկա մի շարք խնդիրներ։ Մասշտաբային վթարներից խուսափելու նպատակով տրվել են հատուկ հանձնարարականներ՝ ապահովելու ենթակայանների ընթացիկ սպասարկման աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը և բաշխման ցանցում դրանով պայմանավորված՝ հնարավոր վթարների թվի նվազեցումը և կանխարգելումը»,- ասվում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
![]()