Քաղաքացին ՄԻՊ-ի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցել որդուն զինվորական գրքույկի կամ զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքի տրամադրման և անձնագրավորման հարցում։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Մասնավորապես, անձը տեղեկացրել է, որ որդին 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում առողջական խնդիրների պատճառով, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ որդուն արտերկրում հրատապ վիրահատական միջամտություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, առկա է նաև համապատասխան բժշկական ցուցում։

Քաղաքացու հավաստմամբ՝ որդին դեռևս չի ստացել զինվորական գրքույկ, իսկ տարածքային զինվորական կոմիսարիատը հրաժարվել է տրամադրել զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք: Ստեղծված իրավիճակի հետևանքով որդին չի կարողանում անձնագրավորվել և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով մեկնել արտերկիր։

Բարձրացված հարցը հրատապության կարգով քննարկվել է Պաշտպանության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ։ Արդյունքում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր խնդրի արագ կարգավորման ուղղությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացին ստացել է պահանջվող տեղեկանքը։

Հետագայում քաղաքացին տեղեկացրել է, որ որդին անձնագրավորվել է և ստացել անհրաժեշտ բուժօգնությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են զորակոչի ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության հարցերը, այդ թվում՝ առողջության իրավունքի լիարժեք իրացումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ