ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին կայուն և հուսալի է. Ռոմանոս Պետրոսյան

«Այսօր միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորություններից շուրջ 7,9 մլն ԱՄՆ դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով մարում կատարեցինք բացառապես սեփական միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ներգրավելու (ինչպես «ավանդաբար» ընդունված էր ՀԷՑ-ում)»,- սոցցանցում գրել է Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի՝ կառույցի ունեցած պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որտեղ գրավադրված են ընկերության 100% բաժնեմասերը, կազմում են շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար։

Ռոմանոս Պետրոսյանի տեղեկացմամբ՝ ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին գտնվում է կայուն և հուսալի վիճակում. մոտ օրերս կմեկնարկեն գրեթե 50 մլրդ ՀՀ դրամի հասնող ընդհանուր բյուջեով ներդրումային ծրագրի գնումների գործընթացները, շուրջ երեք տասնյակ լոտերով ձեռք կբերվեն կապալի շինարարական աշխատանքները, իսկ ավելի քան հինգ տասնյակ գնման լոտերով նախատեսված է ձեռք բերել անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ ու հարակից նյութեր։

«Հորդորս է էներգետիկ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին և անհատ ձեռնարկատերերին՝ առավելագույնս ներգրավվել ՀԷՑ-ի բաց, թափանցիկ և ներառական տնտեսվարման արժեշղթայի հնարավոր բոլոր օղակներում»,- գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ