![]()
Տնտեսագիտության դոցենտ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էռնեստ Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում հարց է հնչեցնում՝ ովքեր են տնտեսական փրկիչները, ապա պատասխանում է՝ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչները կամ նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք անհասկանալի պատճառներով այդ տնտեսական հրաշքները չեն գործել, իսկ հիմա տնտեսական հրաշալի ծրագրեր են ներկայացնում:
Այս մասին նա ասում է՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմակիցների տնտեսական ծրագրերի վերաբերյալ խոստումնալից հայտարարություններին:
«Պոպուլիստական հայտարարություններ են, թե ազատելու են հարկերից: Կենացների մակարդակով տնտեսական բարեփոխումներ են առաջարկում: Ինչու Կարապետյանը որոշեց 25 տարվա մեջ լինել այսքան գթասիրտ: Դե մի քանի դեղատուն թող բացեին, դեղը ինքնարժեքով վաճառեին: Մանիպուլյացնելու միջոցով փորձում են ժողովրդին մոլորեցնել, քվե ստանալ, գալ իշխանության, աթոռի պայքար է»,- ասում է նա:
Ըստ զրուցակցի՝ Սամվել Կարապետյանը ունի սերունդներով բարելավված վիճակ, բայց դա չի նշանակում, որ նա գալու է և ժողովրդի հոգսերով ապրի:
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ վերջինս ասում է՝ խաղաղությունն իրականություն է. «Արյունահեղությունը դադարել է, խաղաղությունից հետո վերականգնվում են տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Ղազարյանն ընդգծում է. «Եթե Թուրքիան ցանկանար մեզ ուտել, վաղուց սահմանը կբացեր ու կուտեր, քանի որ մենք չենք փակել սահմանը: Մենք կարող ենք մտնել թուրքական շուկա և շահույթ ստանալ: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորենք»:
Տնտեսագետը համոզված է՝ 2026 թվականին քաղաքացիներն իրենց քվեն տալու են խաղաղությանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()