![]()
Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Վերջինս կալանավորվել է:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Ինչպես հայտնել էինք, փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում կրակոց էր հնչել, ինչի հետևանքով մեկ անձ վիրավորվել էր:
Դեպքի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ կարճ ժամանակում կրակոցի հեղինակը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմնին:
Հանցագործության համար կասկածվող անձը եղել էր ոչ սթափ վիճակում և հանցագործությունը կատարել էր իր անունով հաշվառված որսորդական հրազենով, մանրամասնել էին ՆԳՆ-ից:
Փետրվարի 23-ին արդեն հայտնի դարձավ, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ սպանված 31-ամյա Ռուբեն Գ.-ն դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է: Վիճաբանությունը, մեզ հասած տեղեկություններով, սկսել է այն պատճառով, որ տուժողը ծխախոտ է ուզել, նրան ծաղրել են, վիճաբանություն է սկսել 3 հոգու հետ, և վեճի մասնակիցներից մեկը գնացել, զենքը վերցրել, եկել ու կրակել է:
![]()