«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գույքը կդառնա 100% պետական ներդրում

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում գտնվող գույքը ներդնել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կանոնադրական կապիտալում։ Սա հնարավորություն կտա «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին գույքի հետ կապված իրականացնել մի շարք գործարքներ, մասնավորապես՝ կնքել կոմունիկացիաների անցկացման վերաբերյալ պայմանագրեր, իրականացնել գույքահարկի վճարում և կատարել այլ անհրաժեշտ իրավական գործողություններ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։

Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N548-Ա որոշման հավելվածի 6.7.1 կետի (Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցում և զինում) կատարման գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումը պայմանավորված է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ ԱԷՄԳ), շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (այսուհետ՝ ՇԿՀԱ), ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (այսուհետ՝ ՄԱԿԿ) և ԱԷԿ անվտանգության հիմնական կանոնների (ОПБ АЭС) պահանջներով։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N548-Ա որոշման հավելվածի 6.7.1 կետի (Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցում և զինում) իրականացվել է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծ. Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող 2.2812 հեկտար ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության տարածքի չափագրում և սահմանազատում:

Արդյունքում առանձնացվել է 0.1717 հեկտար մակերեսով տարածք, որին տրվել է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծ. Իսակովի պողոտա 50/22 հասցեն։ Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման նպատակով հայտարարվել է ՀԱԷԿ-ԲՄԱՇՁԲ-3/24 աշխատանքների կատարման գնման ընթացակարգ, որի արդյունքնեով «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի հետ 13.04.2024թ. կնքվել է պայմանագիրը։

Պայմանագրով սահմանված ժամկետներում «ԲԻԴԵՔ» ՍՊԸ կողմից մեկնարկել են ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման աշխատանքները Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 50/22 հասցեում: Նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, ինչն էլ խոչընդոտում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից գույքի հետ կապված մի շարք գործարքներ կատարելուն, ինչպես օրինակ՝ կոմունիկացիաների անցկացման վերաբերյալ պայմանագրերի կնքում, գույքահարկի վճարում և այլն:

Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N548-Ա որոշման հավելվածի 6.7.1 կետով սահմանված ժամետները չեն պահպանվել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով.

Ի սկզբանե պահուստային ճգնաժամային կառավարման կենտրոնը նախատեսվում էր կառուցել Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում գտնվող «ՀԱԷԿ» ՓԲԸ պատկանող պանսիոնատում, ինչին ընթացք չի տրվել, քանի որ չէր ապահովվում ՀԱԷԿ-ի շտապ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտուց դուրս գտնվելու պահանջը։
Հետագայում քննարկվեց այն կառուցել ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ.Իսակովի պողոտա 50 հասցեում գտնվող արտադրական տարածքի 3-րդ հարկում, սակայն ԱԷՄԳ-ի, ՇԿՀԱ-ի և ՄԱԿԿ-ի հետ քննարկումների ժամանակ, անվտանգության պահանջներից ելնելով, առաջարկվեց փոխել կառուցման վայրը, քանի որ ավելի նպատակահարմար էր այն կառուցել նկուղային հարկում, ինչը պայմանավորված էր նկուղային հարկերի առավել պաշտպանված լինելու հատկությամբ՝ թե՛ հնարավոր ռադիացիոն վթարների, և թե՛ քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից։ Սրա արդյունքում անհրաժեշտություն առաջացավ որոշակի շտկումներ իրականացնել Պահուստային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական պահանջներում, որի հիման վրա մշակվեց նաև Տեխնիկական առաջադրանք՝ պահուստային ճգնաժամային կառավարման կենտրոնի նախագածման նպատակով։ Տեխնիկական պահանջներով նախատեսված էր պահուստային ճգնաժամային կառավարման կենտրոնի շինարարության ժամանակացույցը կազմել միայն նախագծային փաստաթղթերի վերջնական հաստատումից հետո։
Նախագծման փուլում շահագրգիռ փորձագետների մասնակցությամբ բազմիցս կատարվել են աշխատանքային քննարկումներ և նախագծի ավարտից հետո անցկացվել է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն։
Վերոնշյալ միջոցառումները բավականին ժամանակատար են եղել, ինչի հետևանքով էլ սահմանված ժամկետները չեն պահպանվել։

Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նպատակն է գույքը ներդնել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կանոնադրական կապիտալում, ինչը թույլ կտա «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից գույքի հետ կապված մի շարք գործարքներ կատարելուն, ինչպես օրինակ՝ կոմունիկացիաների անցկացման վերաբերյալ պայմանագրերի կնքում, գույքահարկի վճարում և այլն:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի և «ՀԱԷԿ» ՓԲԸ կողմից:

Ակնկալվող արդյունքը

Ավարտին հասցնել Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումը և գույքը ներդնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կանոնադրական կապիտալում 98.023.000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով, ավելացնելով Ընկերության կանոնադրական կապիտալը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 18.08.2021թ. թիվ 1363-Ա որոշմամբ սահմանվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, որի 6.7 կետով հաստատվել է «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժինը։ Ծրագրի համաձայն սահմանվել է գույքի արդյունավետ կառավարման, արդյունավետության և գրավչության բարձրացմանը, հաշվառմանը, միասնական բազայի հաշվառմանը, բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Գույք ներդնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի նոր Ռեզերվային ճգնաժամային կենտրոն, որը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի պահանջներից։

Բյուջետային ազդեցությունը

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Գույք ներդնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ