Արդյո՞ք արժե քաղաքականությունը վերածել «մի փոր հացի» դրամայի, երբ խոսքը պետության հեղինակության մասին է

Նատալի Ալեքսանյանը գրում է.

🔴🔴 Բոյկոտի թատրոն՝ փակ դռների հետևում. լուսանկարից հրաժարվածները՝ սեղանի ծայրին, երբ «բոյկոտը» ավարտվում է ընթրիքով, իսկ քաղաքական արժանապատվությունը չափվում է ըստ մենյուի։
Փետրվարի 17–20-ին պաշտոնական այցով Աթենք էր մեկնել Վահագն Խաչատուրյանը։ Նա հանդիպել է Հունաստանի բարձրագույն ղեկավարության հետ, շփվել համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, պատասխանել հարցերի՝ ուղիղ, հրապարակային ու բաց։ Պետական այցի օրակարգը՝ պետական մակարդակին հարիր, ձևաչափը՝ դիվանագիտական, մթնոլորտը՝ պաշտոնական։
Իսկ այդ ընթացքում քաղաքական բեմի կուլիսներում տեղի էր ունենում մեկ այլ ներկայացում՝ հին, բայց միշտ «նոր բեմադրությամբ»։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր մշտական մարտավարությանը՝ «երբ չի հրավիրվում՝ վիրավորվում է, երբ հրավիրվում է՝ բոյկոտում», այս անգամ էլ որոշեց ցուցադրել սկզբունքայնության հերթական դրվագը։ Երևանից հնչեց հրահանգ, և Աթենքի դաշնակցականները, ըստ պաշտոնական հայտարարությունների, հպարտորեն «բոյկոտեցին» նախագահի հետ հանդիպումը։
Բայց քաղաքական թատրոնում ամենահետաքրքիրը միշտ միջանցքներում է։ Որովհետև բոյկոտը, ինչպես պարզվում է, վերաբերում էր միայն լուսանկարներին, ոչ թե ճաշկերույթին։ Երբ Նախագահ Վահագն Խաչատուրյանի պատվին Հունաստանի նախագահի կողմից տրված պաշտոնական ընթրիքի սեղանը բացվեց, սկզբունքայնությունը հանկարծ վերածվեց դիետայի խախտման։ Բոյկոտը մնաց դռան շեմին, իսկ «մեկուսացվածները»՝ սեղանի ծայրին։
Սա արդեն ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ վարքագծային ֆենոմեն․ հրապարակավ մերժել, փակ դռների հետևում մասնակցել, հետո հայրենիքում հպարտորեն զեկուցել «հաղթանակի» մասին։ Եթե սա սկզբունք է, ապա չափազանց ճկուն սկզբունք է․ այն ձգվում է այնքան, որքան ձգվում է սեղանի սփռոցը։
Եվ ահա այստեղ է, որ նախագահի երբեմնի «ՍՈՎԱԾ ՉՊԱՀԵՆՔ» արտահայտությունը ստանում է հեգնական նոր երանգ։ Քաղաքական սովը երբեմն ավելի վտանգավոր է, քան ֆիզիկականը։ Քաղաքական սովը մարդուն ստիպում է բարձրաձայն խոսել արժանապատվությունից, իսկ հետո լուռ հերթ կանգնել պատվիրված ճաշի համար։
135 տարվա պատմություն ունեցող կուսակցությունը, որն իրեն ներկայացնում է իբրև գաղափարական ժառանգության պահապան, միշտ ընկնում է այսպիսի հակասությունների ծուղակը։ Որովհետև երբ խոսքն ու գործը բաժանվում են տարբեր սեղանների շուրջ, գաղափարախոսությունը դառնում է ընդամենը դեկոր։
Քաղաքական պայքարը կարող է լինել կոշտ, գաղափարական հակադրությունները՝ խոր, բայց արժանապատվությունը չի կարող լինել սեզոնային։ Եթե բոյկոտում ես՝ բոյկոտիր մինչև վերջ։ Եթե մասնակցում ես՝ մի ձևացրու, թե չես եղել։ Հակառակ դեպքում պատմությունը գրվում է ոչ թե ճառերով, այլ կիսաձայն պատմված ճաշկերույթներով։
Եվ վերջում մնում է միայն մեկ հարց․ արդյո՞ք արժե քաղաքականությունը վերածել «մի փոր հացի» դրամայի, երբ խոսքը պետության հեղինակության մասին է։ Սովը, ինչպես երևում է, միայն ֆիզիկական վիճակ չէ․ երբեմն այն նաև քաղաքական բնավորության փորձություն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ