![]()
2026թ. փետրվարի 21-ին Փարիզի Պանթեոնում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք և իր կնոջ Մելինե Մանուշյանների պանթեոնիզացիայի երկրորդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը: Այն կազմակերպվել էր «Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի» (ANACRA) նախաձեռնությամբ, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, Միսաք և Մելինե Մանուշյանների ընտանիքի անդամներ, մշակութային և հասարակական գործիչներ։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել դեսպան Արման Խաչատրյանը, ANACRA-ի նախագահ Լեոն Հովնանյանը և Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սակունը։ Աղոթքով հանդես է եկել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Արարողությունն ավարտվել է ծաղկեպսակների զետեղմամբ և Ֆրանսիայի պետական օրհներգի կատարմամբ։
![]()
Իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Միսաք և Մելինե Մանուշյանների անցած ուղուն՝ ընդգծելով նրանց կերպարների խորհրդանշական կարևորությունը հայ-ֆրանսիական հարաբերություններում։ Նշել է, որ մահվանից 80 տարի անց Միսաք Մանուշյանի աճյունը ամփոփվել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում, և այդպիսով վերջինս դարձել է Դիմադրության շարժման օտարերկրյա առաջին մասնակիցը, որը արժանացել է նման բարձ պատվի։
Այդ համատեքստում Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ հիշելով Միսաքին ու Մելինեին՝ մենք հաստատում ենք, որ մեր ժողովուրդների միջև համերաշխությունը պատմական է, որ Հայաստանը և Ֆրանսիան կիսում են նույն համոզմունքը, որ մարդկային արժանապատվությունն ու պետությունների ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են։
![]()
Եզրափակելով խոսքը՝ Արման Խաչատրյանն նշել է, որ 1944 թվականի պայքարը միայն անցյալի էջ չէ․ «Միսաք և Մելինե Մանուշյանների ոգեկոչումը մեզ հիշեցնում է, որ ազատությունը երբեք վերջնականապես ձեռք բերված չէ։ Այն պահանջում է քաջություն, համախմբվածություն և երբեմն էլ` գերագույն զոհաբերություն»։
![]()