Հայաստանում վեց ամսով կարգելվի սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծումն ու արտահանումը

 

Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկ, որի ներմուծումն ու արտահանումը ժամանակավորապես կարգելվի։ Նախագիծը մշակվել է «Սնդիկի մասին» օրենքի պահանջների հիման վրա՝ միջազգային պարտավորությունների կատարման շրջանակում։

Նախաձեռնության նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի և դրա միացությունների վնասակար ազդեցությունից։ Սնդիկը բարձր թունավոր նյութ է, որը կարող է վնասել նյարդային, մարսողական և իմունային համակարգերը, ինչպես նաև թոքերը, երիկամները, մաշկը և աչքերը։ Այն հատկապես վտանգավոր է հղի կանանց և երեխաների համար։

Հայաստանը, միանալով Մինամատայի կոնվենցիային, պարտավորվել է սահմանափակել սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունը։ Քանի որ երկրում նման արտադրանքի արտադրությունն արդեն արգելված է, դրա շրջանառությունը հիմնականում իրականացվում է ներմուծման միջոցով, ինչի պատճառով առաջարկվում է սահմանափակել նաև ներմուծումն ու արտահանումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։
Կառավարության որոշմամբ նախատեսվում է վեց ամսով արգելել սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը՝ հաստատվող ցանկի համաձայն։
Արգելվող արտադրանքի ցանկը ներառում է, մասնավորապես՝

սնդիկ պարունակող չափիչ սարքեր (օրինակ՝ ջերմաչափեր, ճնշաչափեր),
սնդիկով աշխատող լամպեր և լուսավորման սարքեր,
էլեկտրական անջատիչներ և ռելեներ,
որոշ տեսակի կոսմետիկ միջոցներ՝ սնդիկի պարունակությամբ,
քիմիական նյութեր և այլ արտադրանք, որոնք պարունակում են սնդիկ կամ դրա միացություններ։

Միևնույն ժամանակ, նախագծով նախատեսվում են բացառություններ։ Արգելքը չի տարածվի այն արտադրանքի վրա, որը նախատեսված է քաղաքացիական պաշտպանության, ռազմական, գիտահետազոտական (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման կամ չափանմուշ (էտալոն) նպատակներով օգտագործման համար՝ համապատասխան գրավոր հայտարարության առկայության դեպքում։ Բացի այդ, սահմանափակումները չեն կիրառվի «մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ։

Փաստաթղթով հստակեցվում է նաև սնդիկ պարունակող արտադրանքի նույնականացման կարգը․ այն կհամարվի սնդիկային, եթե հայտարարագրված է որպես այդպիսին կամ մաքսային հսկողության ընթացքում պարզվի, որ այն պարունակում է հեղուկ սնդիկ կամ սնդիկով լցված բաղադրիչներ։

Կառավարությունը նախատեսում է նախապես տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին որոշման ընդունման մասին և ներկայացնել առաջարկ՝ սահմանված սահմանափակումների կիրառման վերաբերյալ։
Նախատեսվում է, որ որոշումը կմտնի ուժի մեջ 2026 թվականի փետրվարի 23-ից և կգործի վեց ամիս ժամկետով։
Փաստաթղթի ընդունման դեպքում ակնկալվում է նվազեցնել սնդիկի ազդեցությունը բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա՝ համապատասխանեցնելով Հայաստանի քաղաքականությունը միջազգային չափանիշներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ