![]()
«Նեզավիսիմայա գազետան» հրապարակել է ամերիկացի լրագրող Մայքլ Բոմի հեղինակային հոդվածը, որտեղ քննության է առնված ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին ելույթը: Բոմն առաջին հերթին առանձնացրել է Ռուբիոյի հնչեցրած հետևյալ չորս սկզբունքային դրույթները՝ ամերիկյան և եվրոպական հավաքական ներուժը պետք է ընդհանուր թշնամիների դեմ պայքարելու համար (պետքարտուղարն, ընդսմին, հիշեցրել է ֆաշիզմի դեմ ԱՄՆ-Եվրոպա դաշինքը), ամերիկացիների և եվրոպացիների ճակատագիրը փոխկապակցված և անբաժանելի է, թեև Միացյալ Նահանգները կարող է միայնակ լուծել անվտանգության հարցերը, բայց եվրոպացիների հետ միասնաբար այդ խնդիրն ավելի արդյունավետ կլուծվի, ԱՄՆ-ը և Եվրոպան կապված են հոգևոր, մշակության և քաղաքական ընդհանուր արժեքներով:
Արևմտյան մամուլը Ռուբիոյի ելույթը հակադրել է նույն հարթակից անցյալ տարի ԱՄՆ փոխնախագահ Վենսի «վերամբարձ խոսքին, երբ նա հանդես էր գալիս որպես Եվրոպային ժողովրդավարություն ուսուցանողի դերում», բայց Մայքլ Բոմը կարծում է, որ Մարկո Ռուբիոյի «եվրոպամետ ձևակերպումները հազիվ թե հակասում են նախագահ Թրամփի ընկալումներին»: Հեղինակի գնահատմամբ՝ Մյունխենում Ռուբիոն հանդես է եկել որպես «դասական հանրապետական, որի համար եվրաատլանտյան արժեքների հիման վրա համագործակցությունը սկզբունքային» է:
Ամերիկացի լրագրողի կարծիքով՝ Ռուբիոն, թերևս «նախապատրաստվում է 2028թ. նախագահական ընտրություններին և ուղերձ է հղում այն հանրապետականներին, որ դժգոհ են Թրամփի Maga գաղափարախոսությունից»: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ պետքարտուղարը փորձում է ավելի կարճաժամկետ հեռանկարի հարց լուծել: Աշնանը Միացյալ Նահանգներում պետք է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ կայանան: Հանրապետական կուսակցությունը Կոնգրեսում մեծամասնություն ունի, բայց ոչ ոք վստահ չէ, որ միջանկյալ ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատի «ղեկը կմնա հանրապետականների ձեռքում»:
Դոնալդ Թրամփը մեկ տարում հինգ նիշի վարկանիշային կորուստ է ունեցել: Սպիտակ տան «տերը» հասցրել է խնդիրներ ստեղծել մի քանի նահանգապետի և դատարանների հետ, շատ բարդ է միգրանտների հարցը: Չնայած հրապարակային հայտարարություններին, ԱՄՆ նախագահին առայժմ չի հաջողվել ռուս-ուկրաինական բանակցություններում գոնե առարկայական առաջընթացի հասնել, չկա երաշխիք, որ Գազայի վերականգման ծրագիրն իրականանալու է, իսկ Իրանի հետ լարվածությունը կարող է վերաճել տևական հյուծիչ պատերազմի:
Այս, ինչպես նաև Չինաստանի հետ սուր մրցակցության ֆոնին ԱՄՆ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը տրամաբանորեն պետք է վերբեռնման ենթարկվի: Հարցն այն է, թե որքանո՞վ հետևողական կլինի Սպիտակ տունը: Այսինքն, դա կլինի համակարգայի՞ն, թե՞՝ իրավիճակից թելադրված քաղաքական քայլ: Ամերիկյան և եվրոպական փորձագետները վաղուց են ահազանգել, որ ԱՄՆ-ը «պետք է վերադառնա դասական դիվանագիտությանը»՝ փոխանական քարոզելու «հաջող գործարքները»: Ներկայումս Միացյալ Նահանգները ճգնաժամային հարցերը քննարկում է նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի և Թրամփի փեսա Քուշների միջոցով: «Այստեղ և այժմ փոխշահավետ գործարք կնքելու» սկզբունքը, կարծես, իրեն չի արդարացնում:
Տեսանյութեր
![]()