![]()
Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։
Արդեն հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի մասին քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և կասկածյալներից 2-ին հայտնաբերել են։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, ով եկել է արդեն հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
![]()