![]()
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Plug and Play ընկերության ինկուբացիոն ծրագրի շրջանակում փետրվարի 20-ին անցկացվել է Expo Day երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որով ամփոփվել է 16-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով, ընդգծել ստարտափների զարգացման և միջազգային շուկաներում հայկական նորարարության ներգրավվածության կարևորությունը։ Նախարարը նշել է, որ Plug and Play-ի ներկայությունը Հայաստանում պարզապես միջազգային կազմակերպության գործունեություն չէ, այլ համաշխարհային մակարդակի փորձի և գերազանցության ներմուծում հայաստանյան ստարտափ էկոհամակարգ։
Նախարարի խոսքով՝ Plug and Play-ն աշխարհի խոշորագույն աքսելերատորներից է, որի հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի։ Այդ գործընկերությունը մեկնարկել է ոչ թե կարճաժամկետ արդյունքների, այլ երկարաժամկետ, կայուն համագործակցության տեսլականով։ Առաջին փուլն արդեն հաջողությամբ իրականացվել է, կա նաև լավատեսություն՝ ապագայի համագործակցության և դրական արդյունքների նկատմամբ։
![]()
Միջոցառման ընթացքում ինկուբացիոն ծրագրի երկրորդ փուլի 19 բարձր աճ ունեցող ստարտափները ներկայացրել են իրենց նորարարական լուծումները հինգ ռազմավարական ուղղություններով՝ Enterprise AI, առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, առողջություն և մարդկային ազդեցություն, կայունություն և թվային շարժունակություն։
![]()
Expo Day-ը համախմբել էր միջազգային վենչուրային ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչների, կորպորատիվ նորարարության ղեկավարների, էկոհամակարգի առանցքային դերակատարների և պետական մարմինների ներկայացուցիչների՝ ստեղծելով արդյունավետ ցանցային համագործակցության միջավայր։
Ծրագրի շրջանակում ստարտափները ստացել են նաև միջազգային մենթորների աջակցություն, կատարելագործել իրենց արտադրանքները, պատրաստել դրանք միջազգային շուկաների պահանջներին համապատասխան ներկայացման։
![]()
Միջոցառման նպատակն էր ոչ միայն ներկայացնել ստարտափների ձեռքբերումները, այլև ընդգծել Plug and Play-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության արդյունքները, ինչը նպաստում է Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացմանը՝ խթանելով հայկական ստարտափների միջազգային շուկաներում մասնակցությունը և ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային նորարարական կենտրոն։
![]()