![]()
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Երևանի մի շարք հատվածներում խուզարկություններ են իրականացնում։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ:
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Դեպքի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 7 քաղաքացի:
Երեքի առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր: Մեկը մահացել էր։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
![]()