![]()
Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ներքաղաքական և հասարակական կյանքի վերջին զարգացումները՝ անդրադառնալով կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումներին։ Մասնավորապես, ընդգծվել են պաշտպանական կարողությունների ամրապնդման, առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության որակի և մատչելիության ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են։ Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները միտված են երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովմանը, պետական ինստիտուտների հզորացմանը և հասարակության համախմբմանը։
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև հայրենիք-Սփյուռք կապերի առավել սերտացմանը։
Կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության ընդլայնմանը։
![]()