![]()
Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցներից հետո որոշ ընդդիմադիր գործիչներ առիթը բաց չեն թողնում և հայտարարում են, թե երկրում ամենաթողություն է, ոստիկանությունն իր տեղում չէ:
Այն, որ ոստիկանությունը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող կանխել բոլոր կենցաղային վեճերն ու այդ համատեքստում կատարվող սպանությունները, յուրաքանչյուր տրամաբանող անձի համար ընկալելի է: Սակայն հայաստանյան ընդդիմությանն այլ բան չի մնում անել, քան քաղաքական տկարությունը քողարկելու համար դժբախտ դեպքերը մատի փաթաթան դարձնելը: Այդպիսի օրինակների պակաս չկա:
Ուշագրավ է նաև այն, որ երբ Հայաստանի իրավապահ համակարգը ազգային կամ հասարակական անվտանգությանը սպառնացող դեպքեր է կանխում, նույն կուրծք ծեծող ընդդիմադիրները ոչ մի անգամ չեն բարձրաձայնում դրա մասին, ուր մնաց թե շնորհակալություն հայտնեն իրավապահներին: Հակառակը՝ նույնիսկ նման դեպքերում նրանք քննադատում են իրավապահներին՝ փորձելով մութ սենյակում սև կատու փնտրել:
Ի դեպ, չնայած նրան, որ ՆԳՆ ոստիկանությունը պարբերաբար ուժեղացված ծառայություններ է իրականացնում՝ հայտնաբերելով մեծ քանակությամբ զենք և զինամթերք, մեր տեղեկություններով՝ վերջին օրերին էլ ավելի խստացված ծառայություն է իրականացվում, և համառ ջանքեր են գործադրվում երկրում շրջանառվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու և առգրավելու ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ այսօր առավոտյան իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացնում Արմավիրի մարզում:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ենթականերին խիստ հրահանգել է անզիջում լինել բոլոր տեսակի հակաօրինական գործողությունների նկատմամբ և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կարող են խաթարել հասարակական անդորրը և սպառնալիք հանդիսանալ այլոց կյանքի և առողջության համար:
![]()