![]()
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։
«Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։
Ասվածի վառ ապացույցը ներկայում հանրապետությունում ընթացող դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներն են, որոնց արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում պարբերաբար նոր դպրոցներ և մանկապարտեզներ են բացվում:
Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում և թիրախավորվում է՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն և թյուրըմբռնումներ առաջացնելու նպատակով։
Հորդորում ենք կրթության ոլորտի զարգացմամբ իրապես մտահոգ քաղաքացիներին և մասնագիտական հանրույթին չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին և առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։
Նախարարությունը շարունակելու է գործել բաց և թափանցիկ՝ հանրությանը տրամադրելով ամբողջական, ճշգրիտ և փաստարկված տեղեկատվություն՝ կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ»,- ասվում է ԿԳՄՍ հերքման տեքստում:
![]()