Եթե այդքան իդեալական է իրենց գովերգած երկիրը, ինչո՞ւ չեն ապրում այնտեղ, ինչո՞ւ են փորձում փրկիչ ձևանալ. Քլոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագմավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության որոշ շրջանակների կողմից հնչեցվող «փրկչական» հայտարարություններին:

«Հետաքրքիր է՝ ինչո՞ւ որոշ հայտնի անձինք բացահայտ հայտարարում են, թե իրենք «ռուսամետ» են կամ նույնիսկ պնդում, որ իրենց հայրենիքը սկսվում է Աստրախանից, մինչդեռ նրանց երեխաներն ու թոռները ծնվում և ապրում են ԱՄՆ-ում, իրենք բնակություն են հաստատել այլ երկրներում։

Պատճառը պարզ է․ նրանք շատ լավ գիտակցում են, թե որոնք են առավել զարգացած, անվտանգ և իրավական պետությունները, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են բարձր մակարդակով, որտեղ գործում է օրենքի գերակայությունը, և որտեղ կարելի է ստեղծագործել, աշխատել ու ապրել ապահով ու բարեկեցիկ կյանքով՝ առանց ազատությունների սահմանափակման կամ սեփականության ապօրինի ոտնահարման վտանգի։

Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչու որոշ օտարերկրյա օլիգարխներ հանկարծ փորձում են ներկայանալ որպես մեր «փրկիչներ»՝ փորձելով թելադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե ինչպես ապրել, ինչ որոշումներ կայացնել և ինչ ուղղությամբ շարժվել։ Եթե նրանց համար այդքան իդեալական է իրենց գովերգած երկիրը, ինչո՞ւ չեն ապրում այնտեղ, այլ ընտրում են այլ պետություններ, մինչդեռ խոսքով պաշտպանում են մեկ ուրիշի շահերը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտակցաբար ընտրում է պետականամետ, հայրենապաշտ դիրքորոշում։ Մեր ժողովրդի ընտրությունը մեկն է՝ Հայաստանամետ ուղին, և այն չի փոխարինվի որևէ այլ պետության շահերով առաջնորդվող մոտեցմամբ»,- գրել է Քլոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ