![]()
Երևանի պետական համալսարանում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի վերաբացման տոնական միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանը։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հայրապետյանն անդրադարձել է Գիրք նվիրելու օրվա խորհրդին՝ նշելով, որ նման նախաձեռնության իրականացումը հատկապես խորհրդանշական է հենց գրքի արժևորմանը նվիրված օրվա շրջանակում։
Նախարարը նշել է, որ թեև այսօր տեխնոլոգիաները գալիս են ավտոմատացնելու և ալգորիթմացնելու մի շարք գործառույթներ, գիրք կարդալու մշակույթը շարունակում է մնալ անփոխարինելի, վերջինիս դերն ավելի է ընդգծվում ամեն օր փոփոխվող աշխարհում։ Նրա խոսքով՝ որքան էլ տեխնոլոգիաները, թվային լուծումներն արագացնեն մարդու կյանքը, հաղորդակցությունն ու որոշումների կայացումը, երբեմն մարդը օրվա ընթացքում «դանդաղելու» անհրաժեշտություն է զգում, և հենց այս համատեքստում գիրք կարդալը լավագույն միջոցն է դառնում այդ «բացը» լրացնելու համար՝ որպես ներսի աշխարհը նորովի բացահայտելու և ինքնաճանաչման անփոխարինելի միջոց։
Մխիթար Հայրապետյանը կարևորել է նորաստեղծ միջավայրի նշանակությունը՝ վստահություն հայտնելով, որ ժամանակի ընթացքում այն կհամախմբի ավելի շատ երիտասարդների և քաղաքացիների, քանի որ համալսարանի գրադարաններն ու ընթերցասրահները բաց են լինելու նաև հանրության համար։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին՝ առաջնորդության և հետևողական աշխատանքի համար։ Մխիթար Հայրապետյանն առանձնահատուկ գնահատանքի խոսք է ուղղել նաև հայ բարերար, գործարար, «Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ Սարգիս Իզմիրլյանին՝ ընդգծելով, որ նրա ստանձնած պարտավորությունները կյանքի են կոչվել առավել ընդգրկուն ծավալով, ինչը նախարարի գնահատմամբ Սփյուռքի հոգատարության և հայրենիքի նկատմամբ սիրո բացառիկ դրսևորում է։
Ներկաներին ողջունելով՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ իրականացված նախաձեռնությունը երկար տարիների ընթացքում ձևավորված գաղափարի իրագործումն է՝ միտված համալսարանական միջավայրի որակական զարգացմանը։ Նա շնորհակալություն է հայտնել ծրագրի ձևավորման և իրականացման ողջ ընթացքին մասնակցած բոլոր գործընկերներին ու պատասխանատուներին՝ ընդգծելով նրանց հետևողական և համատեղ աշխատանքի կարևորությունը։
Առանձնահատուկ երախտագիտությամբ ռեկտորը նշել է «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել շինարարական աշխատանքների իրականացումն ու նոր միջավայրի ստեղծումը։ Նա ընդգծել է նաև, որ սրահը կրում է ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անունը՝ ընդգծելով Իզմիրլյանի ներդրումն ու հետևողական աջակցությունը կրթության և գիտության զարգացման գործում։ Ռեկտորը շեշտել է, որ նորաստեղծ տարածքը դառնալու է գիտելիքի ստեղծման ու փոխանցման, նորարարական գաղափարների ձևավորման հարթակ՝ նպաստելով ուսանողների, երիտասարդ հետազոտողների և գիտնականների ստեղծարար ներուժի լիարժեք բացահայտմանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը։
Նախագծի շրջանակում հիմնանորոգվել է գրադարանի նախասրահը, արդիականացվել է լուսավորության համակարգը, տեղադրվել է ապակեպատ տանիք: Գրադարանի տվյալ հատվածի վերանորոգման գաղափարի իրականացման մեկնարկը տրվել էր մեկ տարի առաջ՝ հայ բարերար, գործարար, «Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ Սարգիս Իզմիրլյանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում։ Այն կրում է ՀՀ ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անունը։
![]()
![]()
![]()
![]()