ՀԷՑ-ը 691 մլն դոլարի չափով երաշխավորություններ է տրամադրել Տաշիր ընկերությունների խմբի հետ փոխկապակցված կազմակերպություններին․ Մանավազյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախորդիվ խոսել էի, թե ինչ մեխանիզմներով են ՀԷՑ-ի միջոցները դուրս բերվել համակարգից։ Այս մասում արդեն կանդրադառնամ ոչ թե պարզապես վատ կառավարման, այլ հանրային նշանակության ամբողջ համակարգը անձնական բիզնես շահերին ծառայեցնելու հարցին։

ՀԷՑ-ը 691 մլն դոլարի չափով երաշխավորություններ է տրամադրել Տաշիր ընկերությունների խմբի հետ փոխկապակցված կազմակերպություններին։ Փաստացի՝ հանրության համար նախատեսված էլեկտրաէներգիայի բաշխման ամբողջ ցանցը դրվել է որպես երաշխավորություն՝ սպասարկելով մասնավոր բիզնես շահեր։

Այս գործընթացն իրականացվել է առանց պատշաճ թափանցիկության՝ չհայտարարելով ՀԾԿՀ-ին, չհայտարարելով նաև այն միջազգային կազմակերպություններին, որոնցում գրավադրված են ընկերության բաժնետոմսերը։ Այն մարդիկ, ովքեր այսօր հաճախ խոսում են «Մուդիսի վարկանիշից», նման քայլերից հետո պետք է գիտակցեին, որ ընկերությունը կանգնեցվում է ֆինանսական կայունության կորստի և նույնիսկ սնանկացման ռիսկի առաջ։

Բայց սա դեռ ամբողջը չէ։

Նույն ժամանակահատվածում ընկերությունն իր հետ փոխկապակցված կազմակերպություններին հնարավորություն է տվել հաղթել գնումների գործընթացներում՝ նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս ներկայացրել են ավելի բարձր գնառաջարկներ։

Պատկերացրեք իրավիճակ, երբ մրցակցային շուկայում հնարավոր է ձեռք բերել, օրինակ, 1 մլրդ դրամի մալուխ, բայց փոխկապակցված ընկերության միջոցով նույն գնումն իրականացվել է 2 մլրդ դրամով։ Թղթերի վրա դա ներկայացվել է որպես «մեծ ներդրում», իսկ իրականում՝ արհեստականորեն ուռճացվել են ներդրումային ծրագրերը, և առնվազն թույլ չի տրվել սակագնի նվազեցում՝ բեռը թողնելով սպառողի վրա։

Այսպիսով խոսքը առանձին դրվագների մասին չէ, այլ համակարգված պրակտիկայի, որտեղ ՀԷՑ-ն օգտագործվել է ոչ թե որպես հանրային ծառայություն մատուցող ընկերություն, այլ որպես անձնական բիզնեսների ֆինանսական ապահովման գործիք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ