![]()
«Սատանայի վիշտը», «Արցունքներ դրախտում», «Օտարը»։ Սրանք այս տարվա ամենակարդացվող գրքերից են, որոնց ցանկը Բուկինիստը տրամադրել է Zarkerak.am-ին։
Բեսթելլերներ են նաև «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր», «Նախքան կսառի սուրճը», «Անկումը», «Երկրպագուն», «Եվ ոչ ոք չմնաց», «Մարդասպանի աչքերով», «Անասնաֆերմա», «Սիդհարթա», «Ուվե անունով մարդը», «Նորֆերվիլ», «Ծաղիկներ Էլջերնոնի համար», «Զոհի աչքերով», «Կոտրված սրտի բեկորներով» գրքերը ։
Ոչ գեղարվեստական գրականությունից պահանջված են «Հարստություն, որը փողով չես գնի: Լիառատ կյանքով ապրելու 8 գաղտնի սովորույթները», «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը», «Առավոտյան ժամը 5-ի ակումբ», «Հաղթողների 30 օրենքները», «Իշխանության 48 օրենքները», «Դառնալ Գերբնական. Ջո Դիսպենզա» գրքերը:Իսկ 2025-ի ամենավաճառվածներից են «Վանականը, որ վաճառեց իր Ֆերարին», «Ատոմային սովորություններ», «Ես կարդում եմ ձեր մտքերը», «80/20-ի սկզբունքը», «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գրքերը:
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն արդեն 15 տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում շատ լավ են վաճառվում գրքերը, որոնք լավ գովազդվում են և առաջխաղացվում՝ մարքեթինգային գործիքներով.«Շատ բան վաճառվում է նաև մեր ընթերցողների չպատրաստվածության հաշվին: Տարիների ընթացքում դեռ չենք ձևավորել շատ գիտակից ընթերցողական դաշտ, որը գրքերը կընտրի՝ հաշվի առնելով կարևոր բազմաթիվ կոմպոնենտներ՝ այլ ոչ միայն «մոդան»: Հայաստանում գեղարվեստակաան գրականությունից բացի, շատ լավ վաճառվում են մոտիվացիոն գրքերը, դրանց շատ վաճառքն, իմ կարծիքով, ավելի շատ արդյունք է՝ ոչ թե հանճարեղության կամ լավը լինելու, այլ՝ մեր հասարակության զգալի մասի ձգտումների՝ լինել կայացած մասնագետ, և թվում է թե 1-2 նման գիրք կարդալով կարող են դառնալ այդպիսին»:
«Կուզենայի, որ ընթերցողը գնար ոչ միայն դեպի անուններ, դեպի գովազդներ, այլ հստակ փորձեր տարբերակել լավ ու վատ գրքերը: Այսօրվա երիտասարդները շատ քիչ են սեփական ուժերով ընտրում գիրքը, ավելի շատ առաջնորդվում է խորհուդներով և շատ հաճախ էլ հիասթափվում են, երբեմն շատ գովազդվող, իրենց հետևից շատ մարդկանց տանող գրքերը, որպես կանոն, այդքան էլ լավը չեն լինում և հատկապես գրքի հետ առաջին անգամ հարաբերվողները կարող են հիասթափվել»:
Ինչ վերաբերում է ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությանը՝ Նիկողոսյանը նշում է.«Հինգ տարի առաջ երիտասարդների՝ կարդալու մասին հարցն այլևս ակտուալ չէր, որովհետև հենց երիտասարդներն էին կարդում, տասը տարի առաջ մի քիչ ակտուալ էր, որովհետև նոր-նոր էին սկսել կարդալ: Այս պահի դրությամբ երիտասարդ համարվողները իմ կարծիքով զիջում են հինգ տարի առաջվա երիտասարդներին իրենց ընթերցանության մակարդակով, ընդ որում՝ նաև դպրոցականներ են զիջում, որովհետև մի քիչ ուրիշ իրավիճակ ու պայմաններ են: Հիմա երբ շատ բաներ դարձել են սովորական, մեզ գուցե չբավարարի այսօրվա ընթերցանության մակարդակը»:
«Հայաստանում միջին վաճառվով գրքի տպաքանակը դեռս 1000-ի չի հասնում, թեև ունենք որոշ գրքեր, որոնց տարեկան վաճառքը հասնում է 4-5 հազարի», — ասում է Արքմենիկ Նիկողոսյանը, նկատում է, որ այս պարագայում մեծ հրատարակչությունների համար ոլորտի շահութաբեր լինելը պարզապես լեգենդ է.«Ես շատ կուզեի, որ գար ժամանակ, երբ հայ ժամանակակից գրողների գրքերը վաճառվեին որպես բեսթսելեր՝ 3-5 հազար օրինակով»:
«Զանգակ» գրատան մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Օհանյանը նշեց, որ գրքերի վաճառքների տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ վերջին տարիները անկախության շրջանի լավագույն շրջանն են գրավաճառության համար: Նկատում է, որ գիրք գնելիս, նաև նվեր ընտրելիս հաճախորդները մի քանի սկզբունքներով են առաջնորդվում՝ ժանրեր, սյուժեի ուղղվածություն.«Ունենք հաճախորդներ, որոնք հատուկ նախընտրություններով են գալիս, դրա վրա ազդում է գովազդը, գրքի մասին շատ խոսելը, մարքեթինգային արշավները: Նաև նկատել եմ, որ նվեր գնողների մեծամասնությունը վստահում է խորհրդատուի ճաշակին»:
Մեր զրուցակցի խոսքով այսօր բավական լայն տարածում են գրքի հետ շփվելու այլընտրանքային տարբերակները.«Երբ խոսում ենք ընթերցանության մասին, ձևն այնքան էլ էական չէ՝ կլինի ֆիզիկական գրքով, աուդիոգիրք լսելով, թե էլեկտրոնային՝ դրանից ընթերցանությունը չի տուժում: Իհարկե, նկատում ենք մեծ պահանջարկ այս եղանակների հանդեպ, որը հայկական դաշտում ամբողջովին բավարարել դեռ չի ստացվում: Ամեն մի ձևն ունի իր առանձնահատկությունը՝ ըստ նախընտրության կարող ես վայելել այդ ձևի մեջ, լսելն էլ իր յուրահատկությունն ունի: Վստահ եմ ՝ աուդիոգրքերի, էլեկտրոնային գրքերի տարածումը ոչ միայն չի խանգարելու հրատարակված թղթային տարբերակի վաճառքին, այլ նաև նպաստելու է, որ ավելի շատ մարդիկ կարդան գրքեր, և ինչու՝ ոչ թղթային տարբերակով: Փորձը ցույց է տալիս, որ շատ մարդիկ կան, որ այդ տարբերակներից հետո ցանկություն են հայտնում գիրքը ֆիզիկապես ձեռք բերել» :
![]()