![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել և հիշեցրել, որ նախորդիվ խոսել է, թե ինչ մեխանիզմներով են ՀԷՑ-ի միջոցները դուրս բերվել համակարգից։
«Այս մասում արդեն կանդրադառնամ ոչ թե պարզապես վատ կառավարման, այլ հանրային նշանակության ամբողջ համակարգը անձնական բիզնես շահերին ծառայեցնելու հարցին։
ՀԷՑ-ը 691 մլն դոլարի չափով երաշխավորություններ է տրամադրել Տաշիր ընկերությունների խմբի հետ փոխկապակցված կազմակերպություններին։ Փաստացի հանրության համար նախատեսված էլեկտրաէներգիայի բաշխման ամբողջ ցանցը դրվել է որպես երաշխավորություն՝ սպասարկելով մասնավոր բիզնես շահեր։
Այս գործընթացն իրականացվել է առանց պատշաճ թափանցիկության՝ չհայտարարելով ՀԾԿՀ-ին, չհայտարարելով նաև այն միջազգային կազմակերպություններին, որոնցում գրավադրված են ընկերության բաժնետոմսերը։ Այն մարդիկ, որոնք այսօր հաճախ խոսում են «Մուդիսի վարկանիշից», նման քայլերից հետո պետք է գիտակցեին, որ ընկերությունը կանգնեցվում է ֆինանսական կայունության կորստի և նույնիսկ սնանկացման ռիսկի առաջ։
Բայց սա դեռ ամբողջը չէ։
Նույն ժամանակահատվածում ընկերությունն իր հետ փոխկապակցված կազմակերպություններին հնարավորություն է տվել հաղթել գնումների գործընթացներում, նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս ներկայացրել են ավելի բարձր գնառաջարկներ։
Պատկերացրեք իրավիճակ, երբ մրցակցային շուկայում հնարավոր է ձեռք բերել, օրինակ, 1 մլրդ դրամի մալուխ, բայց փոխկապակցված ընկերության միջոցով նույն գնումն իրականացվել է 2 մլրդ դրամով։ Թղթերի վրա դա ներկայացվել է որպես «մեծ ներդրում», իսկ իրականում արհեստականորեն ուռճացվել են ներդրումային ծրագրերը, և առնվազն թույլ չի տրվել սակագնի նվազեցում՝ բեռը թողնելով սպառողի վրա։
Այսպիսով, խոսքը առանձին դրվագների մասին չէ, այլ համակարգված պրակտիկայի, որտեղ ՀԷՑ-ն օգտագործվել է ոչ թե որպես հանրային ծառայություն մատուցող ընկերություն, այլ որպես անձնական բիզնեսների ֆինանսական ապահովման գործիք»,- ասվում է Մանավազյանի գրառման մեջ:
![]()