Կենսաթոշակառուները ևս եկամուտները կհայտարարագրեն. ինչու և ինչը պետք է հայտարարագրել

«Այս տարի հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մարտ 2-ից նոյեմբերի 1-ն է»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց, որ համակարգը ներդնելիս շեշտել են, որ աստիճանաբար հայտարարատու են դառնալու բոլորը, բացի անչափահասներից:

ՊԵԿ նախագահն օրերս հայտարարել է, որ կենսաթոշակառուները ևս 2026 թվականից սկսած եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան:

Նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ գործընթացը հնարավորինս պարզեցվել է նախորդ տարվա վերջին և այն բեռ կամ դժվարություն չի դառնա կենսաթոշակառուների համար.«Ինքնաշխատ լրացման և ներկայացման համակարգ է ներդրվել, եթե ցանկացած անձ, ոչ միայն կենսաթոշակառուն, հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետում չի մտնում, հաստատում ու ստորագրում, ապա ավտոմատ կերպով այդ օրվա տվյալներով համարվում է լրացված՝ ՊԵԿ-ի մոտ առկա տեղեկատվության հիման վրա»,- բացատրեց մասնագետը:

Սակայն նրա խոսքով՝ կան տվյալներ, որոնց ՊԵԿ-ը չի տիրապետում՝ օրինակ ավանդների վերաբերյալ, կենսաթոշակառուն կարող է կամ դրանք լրացնել, կամ թույլ տալ ՊԵԿ-ին ունենալ հասանելիություն, քանի որ բանկային գաղտնիքի խնդիր կա. «Ավանդից ստացված տոկոսը հարկվող եկամուտ է, տասը տոկոս եկամտային հարկ է պահվում, դա կատարում են բանկերը, կենսաթոշակառուները կարիք չունեն այդտեղից հարկ հաշվարկելու»,- ասաց Ալեքսանյանն ու հիշեցրեց, որ ընտանիքի անդամների միջև բանկային փոխանցումները լրացման և հարկման ենթակա չեն:

Իսկ ինչու պետք է կենսաթոշակառուն շահագրգռված լինի պետությանը ներկայացնել իր ավանդից ստացվող եկամուտները, տուն վարձով տալու դեպքում դրա եկամտահարկի մասին տվյալներ, ըստ մասնագետի, այս դեպքում կենսաթոշակառուն ևս կարող է ստանալ սոցիալական կրեդիտներ՝ մինչև 100 հազար դրամ: Իր կամ ընտանիքի անդամի համար առողջապահական, կրթական ծախսերի դեպքում սոցիալական վճար կստանան նաև գրանցված աշխատող կենսաթոշակառուները, սակայն թոշակն այս նպատակներով ծախսելու դեպքում կրեդիտ չեն ստանա, քանի որ այն համարվում է չհարկվող:

Իսկ ինչ նպատակ ունի կենսաթոշակառուներին ևս հայտարարատու դարձնելը, Ալեքսանյանի խոսքով նպատակը բոլորի համար ընդհանուր է.«Կրկին պետք է խոսենք հայտարարագրման համակարգի ներդրման նպատակների մասին, որ համապարփակ տեղեկատվություն ստացվի անձանց եկամուտների վերաբերյալ, այդ ինֆորմացիան անհրաժեշտ է պետությանը հետագա քաղաքականություն մշակելու համար՝ այդ թվում սոցիալական աջակցության: Ակնհայտ է, որ ունենք կենսաթոշակառուներ, ովքեր բարձր եկամուտներ են ստանում՝ ոչ թոշակի տեսքով, ու աջակցության ծրագրի դեպքում 50 հազար ստանում է և այդ մարդը և միայն 50 հազար դրամ թոշակ ստացողները: Դրա արդյունքում աջակցությունը ստացվում է ոչ այնքան թիրախային»:

Արթուր Ալեքսանյանը նշեց, որ կենսաթոշակառուներից առանձնապես մեծ ակտիվություն չեն ակնկալում, գիտեն՝ բարեփոխման ընթացքը հեշտ չէ.«Բացառիկ բարեփոխումներից է, որ անձանց նման լայն շրջանակ է ընդգրկում, բնականաբար բարդ է լինելու: Վերլուծությունների արդյունքում երևաց, որ մոտ 70 տոկոսի դեպքում համակարգն աշխատել է ինքնաշխատ, ոչինչ չեն փոխել, չէին ավելացրել: Բայց կարծում ենք, որ սոցիալական ծախսերի ինստիտուտը խրախուսող մեխանիզմ է»,- ընդգծեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ