Հայաստանը շարունակելու է քայլերը ավելի ներառական և դիմակայուն սննդային համակարգեր ստեղծելու ուղղությամբ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Հռոմում երկկողմ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են Հայաստան-ՊԳԿ համագործակցության ընթացիկ օրակարգը և այն խորացնելու հնարավորությունները, այդ թվում՝ COP17-ի նախապատրաստական գործընթացների շրջանակում։

Նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՊԳԿ աջակցությունը գյուղատնտեսական արտադրողականության և սննդային անվտանգության բարձրացման, ինչպես նաև ոլորտային իրավական, քաղաքական ու ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործման ուղղությամբ իրականացվող ծրագրերի միջոցով։

Անդրադարձել են գյուղատնտեսություն-կենսաբազմազանություն կապի կարևորությանը և նրան, որ առաջիկա COP17-ը լավ հնարավորություն է՝ համատեղ ձևավորելու արդյունքներին ուղղված նախաձեռնություններ։

Հայաստանը շարունակելու է քայլերը ավելի ներառական և դիմակայուն սննդային համակարգեր ստեղծելու ուղղությամբ՝ հատկապես խոցելի խմբերի համար հնարավորություններ ընդլայնելու նպատակով։ Այս համատեքստում կարևորել են նաև գյուղատնտեսական պրակտիկաների արդիականացումը և ջրախնայող տեխնոլոգիաների կիրառումը։

Նախարարը ներկայացրել է նաև մի շարք նախաձեռնություններ կայուն ու «խելացի» գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք կարող են արժանի կերպով ներկայացվել COP17-ի ընթացքում։ Միաժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ագրոսննդային համակարգերի, ագրոանտառտնտեսության և կենսաբազմազանության շուրջ համատեղ գործնական օրակարգ ձևավորելու շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ