![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Ճապոնիայի կառավարության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթղթի ստորագրման արարողությունը։
Ինչպես հայտնել է նախարարությունը, փաստաթուղթը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին։ Ծրագրի բյուջեն կազմում է 5.2 մլն ԱՄՆ դոլար։
«Այս նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտում սահմանած ռազմավարական առաջնահերթություններին։ Ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ջերմատնային տնտեսությունների հիմնման, վերամշակման և շուկայավարման կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացի ապահովման միջոցով ծրագիրը կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը», — նշել է Արման Խոջոյանը։
Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների գյուղատնտեսական կենսաապահովումը։ Եռամյա այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից, ուղղված է պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և խոցելի խմբերի՝ այդ թվում տեղահանվածների համար կայուն գյուղատնտեսության սկզբունքների կիրառմանն ու ընդլայնմանը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։
![]()