![]()
«Սա շատ վտանգավոր գործընթաց է, որովհետև Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիության և նստակեցության ցենզերը շատ կարևոր գործառույթ ունեն՝ ապահովելու պետական ինստիտուտների համալրումը և բարձրագույն պետական պաշտոնների նշանակումն այնպիսի անձանց, որոնք ունեն ինստիտուցիոնալ և անձնական բավարար առնչակցություն Հայաստանի հետ, դրանով ապահովվում է նաև շատ կարևոր անվտանգային հարց, այն է՝ պաշտոնների նշանակումը զերծ պահել օտար ազդեցություններից: Սա շատ կարևոր սահմանադրական թեզ է, որի չեղարկումը կունենա շատ բացասական հետևանքներ ՀՀ սահմանադրական զարգացման համար»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին կարգելուն՝ ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:
Խալաթյանը կարևոր համարեց նաև մայրենի լեզվի գերազանց իմացությունը. «Խոսքը չի վերաբերում օտարերկրացու ակցենտով մի կերպ հայերեն խոսելուն, այլ նշանակում է հայերենի գերազանց տիրապետում: Այս քայլը խոսում է սահմանադրական և քաղաքական մշակույթի շատ ցածր մակարդակի մասին, զուտ ձևականորեն կարելի է ամեն ինչ էլ փոխել, ամեն օրենք էլ փոխել, այստեղ հարցը բովանդակային հարցերի մասին է: Մենք տեսնում ենք, որ այս մարդիկ ՀՀ ինքնիշխանությունը և իրավական պետության գաղափարը խորքային առումով չեն ընկալում և ՀՀ-ն՝ որպես սուվերեն միավոր, չեն ընկալում, հակառակ պարագայում նման քաղաքական խոսույթ ընդհանրապես չէր կարող գեներացվել: Խնդիրը նաև նրանում է, որ հայ հասարակության մի զգալի հատված էլ բարձր քաղաքական մշակույթով չի փայլում և չեմ բացառում, որ որոշակի զանգված ընտրի այդ քաղաքական ուժին՝ չգիտակցելով վերջինիս առաջադրած վտանգավոր թեզերը: Այստեղ խնդիր ունենք ցածր քաղաքական մշակույթի հետ, հակառակ պարագայում որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ նույնիսկ մտքով չէր անցկացնի նման խայտառակ, հակապետական և Սահմանադրության ոգուն հակասող թեզեր առաջադրել»:
Խոսելով այն փաստի մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով՝ Խալաթյանը նկատեց. «Սա խորհրդարանական ընտրությունների էությունը ձևախեղող քայլ է, փաստորեն ընտրողին հրամցվում է մի կասկածելի սցենար, որի համաձայն նրանք կարծես պայմանով ընտրություն են կատարում, այսինքն՝ ընտրեք այս ուժին, որ նա գա իշխանության, ունենա սահմանադրական մեծամասնություն, փոխի Սահմանադրությունը և վարչապետ նշանակի մի անձի, որը ո՛չ ընտրական ցուցակում կա, ո՛չ համապատասխան պահանջներին է բավարարում: Սա սահմանադրական կարգի թավշյա տապալման տանող նախաձեռնություն է, որի վտագավորությունը կայանում է նրանում, որ առնվազն տիտղոսային ընդդիմության կարգավիճակում այս ուժը կարող է հայտնվել, ինչը ևս ես կհամարեմ ՀՀ սահմանադրական ժողովրդավարության համար հետնահանջ»:
Արտաշես Խալաթյանի դիտարկմամբ՝ սա սահմանադրական հեղաշրջման մի տարբերակ է, երբ ամբողջ ըտրական ինստիտուտը լծվում է մեկ անձի իշխանության բերելու գործին և այստեղ դրան մասնակից է դարձվում նաև այն ընտրողը, որը կգնա և կընտրի այս քաղաքական ուժին. «Ես իրենց իշխանության գալու սցենարն իրական չեմ համարում, բայց իրական եմ համարում իրենց ընդդիմություն լինելը, որը խիստ վատ նորություն կլինի»:
![]()