Արամ Սարգսյանը՝ կաթողիկոսի աջը համբուրելու ու Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

Հունվարին համացանցում քննարկումների թեմա էր դարձել, երբ Արամ Սարգսյանը հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, մոտեցել էր Գարեգին Երկրորդին ու խոնարհվելով` համբուրել նրա աջը: Սա այն դեպքում, երբ դրանից մոտ երկու ամիս առաջ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի էր մասնակցել:

«Շանթ»-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Վեհափառի աջը համբուրելուց հետո լարվել են իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, Սարգսյանն ասել է. «Ընդհանրապես լարվածություն չկա. նորմալ, սովորական կապ է: Փաշինյանի հետ 2-3 կապ եմ ունեցել ու այն եղել է նորմալ՝ զրույցներով, կարծիքների, տեսակետների փոխանակմամբ: Որևէ նման խնդիր չկա ու չի կարող լինել: Ինչ վերաբերում է Վեհափառի աջը համբուրելուն, անկեղծ կասեմ. ինձ ՀՀ հիմն էլ դուր չի գալիս՝ ո՛չ բառերը, ո՛չ երաժշտությունը, բայց երբ այն հնչում է, ես ոտքի եմ կանգնում, զգաստանում եմ:

Կան բաներ, որ վերաբերվում են ՀՀ ինստիտուտներին, որին պետք է վերաբերվել հարգանքով: Ես փորձել եմ հարգանքով վերաբերվել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»: Նրա խոսքով՝ եթե որևէ հոգևորական ավտոմեքենայի տակ մարդ է գցում, պետք է դատվի բոլորի պես, եթե կոչ է անում ռազմական հեղաշրջման, պետք է դատվի, բայց եթե որևէ հոգևորական կուսակրոնության ուխտը չի պահում, դա ՀՀ ՔՕ-ով չի դատապարտվում ու պետությունը չի կարող միջամտել. խնդիրը պետք է լուծեն հոգևորականները՝ ներքին խոհանոցում:

«Խնդրի լուծման առումով ՀԱՍԵ-ն բաժանվել է երկու մասին՝ մի մասը միավորվել է վարչապետի շուրջ, համարում է, որ եկեղեցու վերնախավը խախտել է երդումն ու ինչ-ինչ տեղերում նաև քրեական հանցագործութուններ է անում: Մյուս մասը համախմբվել է Վեհափառի շուրջ՝ չեն մկրտում ՔՊ-ականների երեխաներին»,- ասել է Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով խնդրի լուծման իր տարբերակը. «Վեհափառի թիվ մեկ պարտականությունը ՀԱՍԵ-ն ամբողջական ու հաշտ պահելն է ու ինքն իր հրաժարականով կարող է այդ խնդիրը լուծել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ