Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին

Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Քոչարյանը փետրվարի 16-ին իր հավատարմագրերն է հանձնել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովին:

Այս մասին հայտնում է Ուզբեկստանում Հայաստանի դեսպանությունը։

Հանձնման արարողությունից հետո կայացել է դեսպան Քոչարյանի և արտաքին գործերի նախարար Սաիդովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Մասնավորապես՝ կարևորվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման որոշիչ գործոն: Անդրադարձ է կատարվել միջտարածաշրջանային փոխկապվածության զարգացման հեռանկարներին:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ուզբեկստանի միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացումն ու ընդլայնումը, բարձրագույն և բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպումը, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Հանդիպման ավարտին նախարար Սաիդովը հաջողություն է մաղթել ՀՀ նորանշանակ դեսպանին իր ապագա գործունեության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ