![]()
«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ վերջին օրերին ստացվել է տեղեկություն, որը ոչ միայն վրդովեցնող է, այլ նաև՝ խիստ վտանգավոր։
«Մեր «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներից մեկը մեզ պատմել է իր ընկերոջ հետ տեղի ունեցած դեպքի մասին․ ոմն Արմինե Թունյան պատերազմում հաշմանդամության կարգ ձեռք բերած տղաներին խոստանում է խոշոր դրամական աջակցություն 42 միլիոն դրամի չափով՝ իբրև թե «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուներից «մնացած միջոցներ» կան, որոնք հիմա բաժանվում են ընտրյալներին՝ հաշմանդամության կարգից կախված։
Իսկ «օգնությունը կազմակերպելու» դիմաց այդ անձն առձեռն պահանջում է գումարի 10%-ը՝ որպես միջնորդավճար, «որովհետև ամեն մարդու համար էս գործը չեն անում»՝ խոստանալով ծանոթի կարգով արտահերթ ընդգրկել ցուցակներում։ Ըստ հաղորդված տեղեկության՝ ամբողջ «գործարքը» կազմակերպվում է մամուլի շենքում՝ 503 սենյակում, իր օգնականի (որդու)՝ Տարոնի մասնակցությամբ։ Մարդկանց մոտ ստեղծվում է «ամեն ինչ օրինական է» տպավորություն՝ հատուկ պատրաստված թղթապանակներով, «վերևների» հետ «ցուցակների ստուգում» հիշեցնող զանգերով ու «վերջնական կնիքը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է դնելու» տիպի աբսուրդի հասնող խոսքերով։
«Իմ քայլը» հիմնադրամը խորապես ցավում է, որ նման խաբեության թիրախ դարձել են նաև այն մարդիկ, որոնց կողքին հիմնադրամը կանգնել է և շարունակում է կանգնել իր ծրագրերով, գործընկերներով և հատուկ ստեղծված աջակցման մեխանիզմներով։ Մեզ փոխանցված տվյալներով՝ այս ծուղակում հայտնված անձանց թիվն առնվազն 4-ն է, և, ըստ ամենայնի, նրանք արդեն վճարումներ են կատարել, մեկը նույնիսկ վարկով է վերցրել այդ գումարը, որպեսզի վճարի Արմինեին։
Տվյալ անձինք, հասկանալի պատճառներով, չեն ցանկանում հրապարակայնացնել իրենց ինքնությունը։ Հիմնադրամը հարգում է այդ որոշումը։
Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ սոցիալական ցանցերում արդեն նկատել ենք նաև մեկ այլ օգտատիրոջ հրապարակում (https://www.facebook.com/share/p/1DWhcC8P84/), որտեղ բարձրաձայնվում է պետական մարմինների և տարբեր անձանց անուններով իրականացվող նմանատիպ սխեմաների մասին` տիկին Աննա Հակոբյանի և նրա ղեկավարած հիմնադրամի անունը շահարկելու միջոցով քաղաքացիներից գումարներ, բիզնեսներ, բնակարաններ կորզելու վերաբերյալ։ Անկախ այդ գրառման բովանդակության հետագա իրավական գնահատականից՝ մեկ բան ակնհայտ է․ հիմնադրամի անունը փորձում են օգտագործել մարդկանց մոլորեցնելու համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, «Իմ քայլը» հիմնադրամը որևէ ծրագրի շրջանակում երբեք չի աշխատում «ընտրյալների ցուցակներով», «ծանոթով առաջ գցելով», «վերևների հետ հատուկ գաղտնի կապերով» կամ միջնորդավճարների պահանջով։ Մեր ծրագրերն ունեն հրապարակային նկարագրություն, ընթացակարգեր, հայտադիմումներ և հրապարակված պայմաններ։ Մեր թիմն օրուգիշեր աշխատում է ծրագրերի մեխանիզմների վրա, ներգրավում է փորձագետների և բոլոր գործընթացները կազմակերպում է հաշվետու ու թափանցիկ ձևով։
Խնդրում ենք, ցանկացած կասկածելի առաջարկի դեպքում կանգ առնել, մտածել և ստուգել տեղեկատվությունը։
Եթե որևէ մեկը ներկայանում է տիկին Աննա Հակոբյանի կամ «Իմ քայլը» հիմնադրամի անունից և խոստանում է գումար «նվիրատվություններից մնացած միջոցներից», պահանջում է «տոկոս» կամ կանխիկ գումար, դա ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ է։ Նման դեպքերի մասին անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմիններին, ինչպես նաև հաղորդել հիմնադրամին, որպեսզի հիմնադրամը և տիկին Հակոբյանն իրենց հերթին հաղորդում ներկայացնեն համապատասխան մարմիններին։
Մեր ներկայիս գործող ծրագրերի և նախագծերի ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև։ Ավելին կարող եք գտնել մեր պաշտոնական կայքում` https://mystep.foundation/hy/
⁃ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագիր»
⁃ «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագիր
⁃ «Քվանտա» մագիստրոսական ծրագիր
⁃ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիր
⁃ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագիր
⁃ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնություն
⁃ «Կրթվելը նորաձև է» շարժման աջակիծ ծրագիր՝ իր նախագծերով («Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագիծ, «Հնարավորությունների հարթակ» նախագիծ, «Կանանց ակումբ» նախագիծ, բանախոսությունների շարք, «Գտնված երազ» նախագիծ, շարժման հանրայնացման նախագիծ)
⁃ «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) ծրագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()