![]()
«Հայաստանի էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում 2025 թվականին իրականացվել է շուրջ 52 մլրդ դրամի ներդրում: Առաջին անգամ 17 մլրդ դրամի ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում»:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Կարգավորող ընկերությունները 2025 թվականին էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում իրականացրել են շուրջ 52 մլրդ դրամի ներդրումներ, որից 31 մլրդ դրամի չափով՝ էլեկտրաէներգետիկայի, իսկ 21 մլրդ դրամի՝ գազամատակարարման համակարգում: Ասեմ նաև, որ առաջին անգամ 17 մլրդ դրամի ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում, որից 5.2 մլրդ դրամի ներդրումն իրականացրել է «Վեոլիա ջուր» ընկերությունը, իսկ 5.5 մլրդ դրամի չափով ներդրումներ պետք է իրականացնի և իրականացնում է Ջրային կոմիտեն:
Նշված ներդրումներն ուղղվել են սպառողների սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, սպառման համակարգերին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգերի կատարելագործմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը»,- նշեց ՀԾԿՀ նախագահը:
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ հանձնաժողովի իրականացրած միջոցառումների արդյունքում 2025 թվականին շուկայի մրցակցային հատվածում ձեռք բերված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը կազմել է շուրջ 2.4 մլրդ կիլովատ ժամ կամ ներքին սպառման 33.2 տոկոսը: Նախորդ տարիներին այս ցուցանիշը եղել է համապատասխանաբար 5.3, 20.1 և 27.8 տոկոս:
2025 թվականի վերջի դրությամբ շուկայի մրցակցային հատվածում գործել է 645 սպառող, այդ թվում՝ 45 որակավորված սպառող, 13՝ ակտիվ գործունեություն իրականացնող շուկայի մատակարար, 9-ը՝ թրեյդեր և 216 մրցակցային էլեկտրակայան:
Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման ոլորտներում Հանձնաժողովի իրականացրած սակագնային քաղաքականության արդյունքում 2025 թվականին սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագները մնացել են անփոփոխ:
2025 թվականին Հանձնաժողովը մշակել և ընդունել է էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնների լավացմանն ուղղված փոփոխությունների 5 ծավալուն փաթեթ:
![]()