![]()
«Ամեն քաղաքացի պետք է գիտակցի, որ իր երեխան ապրելու է մի միջավայրում, որտեղ այսպես շարունակվելու դեպքում լինելու է 10 Նուբարաշենի աղբավայր՝ պլաստիկի թափոնով»-, բնապահպան Սիլվա Ադամյանն այս մասին ասաց Zarkerak.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանում պլաստիկի դեմ պայքարի հերթական, բայց առավել խստացված քննարկմանը:
Առաջարկվում է 2027 թ-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագծերի փաթեթը: Բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով տարաների համար։
Սիլվա Ադամյանը լավատես չէ, որ այս անգամ սահմանափակումները կաշխատեն: Նա հիշեցնում է, որ պլաստիկի արգելման թեման տարիներ ի վեր քննարկվում էր, 2022-ին էլ խոսվում էր դրա կիրառումը սահմանափակելու մասին, որոշում կայացվեց արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը.«Գնացեք նայեք, հիմա անթույլատրելի բարակ տոպրակներ կան, մարդիկ անսահմանափակ օգտագործում են: Ընդունված դրույթները բացարձակ չեն գործում»:
Նախատեսվում է, որ արգելքի առաջին խախտման դեպքում կլինի նախազգուշացում, երկրորդ և հաջորդող դեպքերում՝ տուգանք՝ 100-150 հազար դրամի չափով։ Իսկ վերահսկողությունը կիրականացվի ՏԻՄ-երի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից։
Մեր զրուցակցի խոսքով, տուգանքների առկայությունը, ինչպես փորձը ցույց է տալիս, միանաշանակ արդյունք չի ապահովում, ըստ նրա սահմանափակումները պետք է լինեն աստիճանաբար: Հիշեցնում է, թվում էր, որ օրինակ սուպերմարկետներում տոպրակի գինը 30-60 դրամ դարձնելը կարող է սահմանափակել այն գնելը, բայց աղբավայրերում ամենաշատը հենց այդ բազմակի օգտագործման տոպրակներն են.«Միանգամից սահմանափակելը չի աշխատի, նախկինում առաջարկել եմ, հիմա էլ կրկնում եմ տոպրակները շատ էժան են, եթե օրինակ դարձնեն 350 դրամ, շատ քչերն ամեն անգամ կգնեն և հետ կսովորեն պլաստիկին»,- ասաց բնապահպանը ու նշեց, որ մի կողմից պայքարում ենք պլաստիկի դեմ, մյուս կողմից հատկապես սուրպերմարկետներ համար արտադրվում են միլիոնավոր պլաստիկե տոպրակներ, տուփեր:
Իհարկե նրա խոսքով, առանձին քննարկման թեման է նաև ազգային մենթալիտետը: Ադամյանը հիշեցրեց, որ պլաստիկի քայքայումը բնության մեջ համարյա անհնարին է, դրա արտանետած թույնը վտանգավոր է, թե՛ մարդու առողջության, թե՛ բնության ու կենսաբազմազանության համար:
Առողջության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ պլաստիկի մեջ առկա քիմիական նյութերը կարող են անցնել սննդի կամ ջրի մեջ՝ հանգեցնելով հորմոնալ, վերարտադրողական, նյութափոխանակության, շնչառական խանգարումների: Կա մտահոգություն, որ պլաստիկը նպաստում նաև բորբոքային ռեակցիաներին, թունավոր նյութերի կուտակմանը, ունի քաղցկեղածին ազդեցություն:
![]()