![]()
«Մեր իշխանության օրոք ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և եթե կա իրավական պրոցես հարուցելու անհրաժեշտություն, այն պետք է հարուցվի՝ անկախ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կարգավիճակից»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրենց իշխանության օրոք կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու, երկրից ելքի արգելքի և Եպիսկոպոսաց ժողովի խոչընդոտման մասին հարցին:
«Դրանք իրավական գործընթացներ են, որոնց մեկնաբանության վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին»,- նշել է նա:
Հարցին անդրադառնալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշել է, որ եթե ՀՀ քաղաքացին չի կատարում դատական ակտը, իրավական տեսանկյունից պատասխանատու է օրենքի առաջ։
«Դա որևէ կերպ պետք չէ դարձնել աղմուկ ու խոսել ինչ-որ հրահանգների մասին, կա նաև այլ հարց․ ինչո՞ւ է որոշվել Հայաստանից դուրս իրականացնել Եպիսկոպոսաց ժողովը»,- ասել է Մանավազյանը:
![]()