![]()
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության՝ դատարանի կողմից բավարարված հայցը մտավ օրինական ուժի մեջ։
«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով, մասնակիորեն բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և Բ.Ա.-ից, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ:
2025 թվականի մարտի 28-ին պատասխանողների կողմից վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մերժվել էր:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ պատախանողների կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի փետրվար 11-ի որոշմամբ մերժվել է. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննվող թիվ ԵԿԴ/0050/01/16 քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետի նախկին տեղակալ Գ.Մ.-ի հանձնարարությամբ` օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ Ա.Հ.-ն, նույն բաժնի օպերլիազորներ Պ.Հ.-ն և Բ.Ա.-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստուգումն իրականացրել էին ոչ պատշաճ: Արդյունքում՝ 2007 թվականի նոյեմբերի 22-ին կազմված ստուգման ակտով ընկերությանն առաջադրվել էր ընդամենը 3 միլիոն 605 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն այն դեպքում, երբ արձանագրման ենթակա լրացուցիչ պարտավորությունը պետք է կազմեր 299 միլիոն 342 հազար դրամ:
Վերոնշյալ վարչության 6-րդ բաժնի պետ Ա.Հ.-ի հանձնարարությամբ՝ նույն բաժնի օպերլիազորներ Պ.Հ.-ն և Բ.Ա.-ն նույն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում 2008 թվականին նշանակված ստուգումը կրկին իրականացրել էին ոչ պատշաճ: Արդյունքում՝ 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված թիվ 1001538 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել էր ընդամենը 6 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն այն դեպքում, երբ արձանագրման ենթակա լրացուցիչ պարտավորությունը պետք է կազմեր 330 միլիոն 267 հազար դրամ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
![]()