![]()
Փետրվարի 14-ին Shamhsyan.com-ին է զանգահարած քաղաքացին հայտնել է, որ օրեր առաջ Արմավիրի մարզի գյուղերից մեկում 15-ամյա աղջկա են առևանգել և ինքն այդ աղջկա հարազատներից է։ Նա փոխանցել է աղջկա ծնողների կոչը՝ ուղղված առևանգողին և իրավապահ մարմիններին։
Հարազատի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ընտանիքի անդամների խոսքով՝ ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի մասին և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են։
«Ծնողները դիմել են ոստիկանություն, իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգողի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերը և ապահով վերադարձնել տուն»,- ասել է կայքի զրուցակիցը։
Վերջինս հավելել է, որ ընտանիքը տեղեկություններ ունի, ըստ որոնց աղջկան հնարավոր է առևանգել է գյուղերից մեկի բնակիչը, սակայն նրա գտնվելու հստակ վայրը դեռ հայտնի չէ։
Աղջկա հարազատները հույս ունեն, որ ՀՀ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժինը, կուժեղացնեն որոնողական աշխատանքները և հնարավորինս կարճ ժամանակում կհայտնաբերեն անչափահասի գտնվելու վայրը՝ ապահովելով նրա անվտանգ վերադարձն ընտանիք։
Դեպքի առթիվ ընտանիքը շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների հետ և սպասում է գործի արագ բացահայտմանը։
![]()