BMW-ն շուրջ կես միլիոն մեքենա է հետ կանչում տեխնիկական անսարքության պատճառով

Գերմանական BMW ավտոարտադրողը հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասին՝ շարժիչի գործարկման համակարգի տեխնիկական անսարքության պատճառով, որը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Ընկերությունից հայտնել են, որ հետկանչը կվերաբերի 2020 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում արտադրված մեքենաներին։ Պատճառը մեկնարկային համակարգում հնարավոր անսարքությունն է, որը կարող է հրդեհ առաջացնել։ Գերմանիայում հետկանչի տակ կընկնի մոտ 28 582 ավտոմեքենա։

Ընդ որում, BMW-ն չի հստակեցրել ամբողջ աշխարհում հետկանչի ենթակա մեքենաների ընդհանուր թիվը, ինչպես նաև արշավի համար նախատեսված ծախսերը: Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդհանուր առմամբ կարող է հետ կանչվել մոտ 575 հազար ավտոմեքենա։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ երկարատև շահագործումից հետո ավտոմատ մեկնարկիչի(ստարտեր) հավաքույթում (solenoid) կարող է առաջանալ ավելորդ մաշվածություն: Նշվում է, որ այս թերությունը կարող է դժվարացնել շարժիչի գործարկումը կամ այն անհնար դարձնել։ Բացի այդ, կարող է լինել կարճ միացման վտանգ, որը կարող է հանգեցնել մեկնարկիչի տեղական գերտաքացմանը:

«Ամենավատ դեպքում դա կարող է հանգեցնել հրդեհի մեքենայի շարժի ընթացքում: Մարդիկ կարող են զգալ այրման հոտ: Շարժման ընթացքում կամ մեքենայից դուրս գալիս կարող է ծուխ նկատվել կամ այրման հոտ զգալ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հնարավոր ռիսկերը կանխելու համար սեփականատերերին խորհուրդ է տրվում շարժիչը գործարկելիս մեքենան չթողնել առանց հսկողության:

Հետկանչը վերաբերում է 2 Series Coupe, 3, 4, 5 և 7 Series սեդանների տարբերակներին, ինչպես նաև 6 Series Gran Turismo, X4, X5, X6 և Z4 մոդելներին։

Հատուկ ռիսկը վերաբերում է մեկնարկային ռելե ունեցող մեքենաներին, որոնք արտադրվել են 2020 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի հուլիսը, ինչպես նաև այն մեքենաներին, որոնց վրա վերանորոգման ընթացքում տեղադրվել է անսարք մեկնարկիչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ