Բանկային գաղտնիք պարունակող տվյալների փոխանցումը կթվայնացվի

ՀՀ կառավարության որոշմամբ բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման գործընթացը կկազմակերպվի նաև էլեկտրոնային եղանակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարության պաշտոնական էջից։

Ըստ հիմնավորման՝ Ներկայումս «Բանկային գաղտնիքի մասին օրենք»-ի կարգավորումների համաձայն՝ բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են բացառապես դատարանի որոշման հիման վրա՝ համապատասխանեցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին։ Օրենսգրքով նախատեսված է, որ բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը ևս կատարվում է միայն դատարանի որոշմամբ։

Օրենսդրական վերջին փոփոխությունների, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենք»-ի և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենք»-ի ընդունումից հետո բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ դատարանների որոշումների թիվը գրեթե քառապատկվել է։ Ծավալների աճը զգալիորեն ավելացրել է տեղեկատվության մշակման և տրամադրման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները՝ բարդացնելով թե՛ իրավապահ մարմինների, թե՛ ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը։ Գործընթացի ամբողջությամբ թղթային եղանակով իրականացումը, ըստ հիմնավորման, խոչընդոտում է քրեական վարույթների արդյունավետ ընթացքին և երբեմն հանգեցնում գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման ռիսկի։

Նախագծով առաջարկվում է դատարանի համապատասխան որոշումների և պահանջվող տեղեկատվության փոխանցումը կազմակերպել նաև էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ ընդգծվում է, որ տվյալների էլեկտրոնային փոխանցումը չի ենթադրում դրանց ուղարկում ցանկացած էլեկտրոնային հարթակով կամ աշխատանքային փոստի միջոցով․ նախատեսվելու են անվտանգ և կարգավորված մեխանիզմներ։

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Դրա ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։ Նշվում է, որ նախաձեռնությունը բխում է կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից և ուղղված է քրեական դատավարության ոլորտում գործնական խնդիրների լուծմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ