TRIPP-ով անցնող երկաթուղու կառավարման հարցում Հայաստանը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ Գևորգ Պապոյան

TRIPP նախագծով նախատեսվող երկաթուղու կառավարման հնարավոր կոնցեսիոն փոխանցման հարցում Հայաստանն առաջնորդվում է բացառապես իր պետական շահերով։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Աշխարհում կան երկրներ, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն և՛ Միացյալ Նահանգների, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, և իմ տպավորությամբ՝ նաև փող ունեն․․․ Այդ մեխանիզմի մասին է վարչապետը խոսել»,- նշեց Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից արձագանք եղել է վարչապետի հայտարարությանը՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելու հնարավորության վերաբերյալ, ինչպես նաև՝ արդյոք այդ հարցով քննարկումներ են եղել ռուսական կողմի հետ։

Նախարարն ընդգծեց, որ նախաձեռնությունը որևէ երկրի դեմ ուղղված չէ։

«Սա Ռուսաստանի դեմ չէ, սա Հայաստանի համար է։ Եթե Ռուսաստանը կարողանա այդ ներդրումները անել և ռուսական կողմը կարողանա սպասարկել այդ համակարգը, որ Հայաստանի միջով այդ բեռները անցնեն, և մենք դրանից քաղաքական, տնտեսական, անվտանգային օգուտներ ունենանք՝ մենք խնդիր չունենք»,- ասաց նա։

Պապոյանի խոսքով՝ Հայաստանը, ցանկացած պարագայում, առաջնահերթ է համարելու սեփական շահը։

«Երբ դրվի Հայաստանի և ԱՄՆ-ի շահը՝ Հայաստանի շահն ենք պաշտպանելու, Հայաստանի և Ռուսաստանի շահը՝ Հայաստանի շահն ենք պաշտպանելու, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Իրան.․․ բոլորին հարգում ենք, բայց ցանկացած պարագայում, երբ դրվի մի նժարի վրա Հայաստանի, մյուսին՝ որևէ բարեկամ, գործընկեր կամ ռազմավարական դաշնակցի շահը, մենք մեր շահն ենք առաջնահերթ համարելու»,- ընդգծեց Պապոյանը։

Նախարարը նաև շեշտել է նախագծի տնտեսական նշանակությունը Հայաստանի համար։

«Մեր համար շատ կարևոր է, որպեսզի բեռը գա, մտնի Ադրբեջանից Հայաստան, հետո նորից Ադրբեջան, հետո նորից Հայաստան, հետո գնա Թուրքիա։ Դա Հայաստանի Հանրապետության շահն է պահանջում։ Եվ դրա համար, եթե պետք է բանակցենք այս կամ այն երկրի հետ, դա պիտի մենք փորձենք անել»,- շեշտեց Պապոյանը։

Լրագրողի հարցին՝ եթե Ռուսաստանը կարողանա լիարժեք ապահովել երկաթգծի աշխատանքը, Հայաստանը պատրա՞ստ է կառավարման իրավունքը թողնել ռուսական կողմին, Պապոյանը պատասխանեց․

«Սա որևէ կերպ որևէ երկրի դեմ ուղղված քայլ չէ։ Սա պրոհայկական մոտեցում է։ Եթե այդ պրոհայկականության մեջ մեր շահը կապահովվի՝ մեզ համար տարբերություն չկա։ Բայց այսօր տեսնում ենք, ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ մեր որոշ գործընկերներ իրար հետ չեն կարողանում լեզու գտնել։ Այդ պայմաններում մենք էլ պիտի փորձենք մեր խնդիրները ինչ-որ կերպ լուծել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ