![]()
«Ինձ մեկ է, կարևորը, որ Հայաստանի Հանրապետության շահերն առաջ գնան, ինձ միայն դա է հետաքրքիր: Դժգոհ են, թե դժգոհ չեն, լավ, պետք է քննարկենք, բա ինչու՞ եմ գնում այնտեղ: Գնում եմ, որ այդ հարցերը քննարկեմ, բայց եթե ՀՀ-ն պետք է խաղաղություն կառուցի, եթե ՀՀ տղաները չպետք է գնան, մահանան, անկեղծ, ինձ համար մեկ է որևէ այլ երկրի, ինչ-որ ներկայացուցչի էմոցիան»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե տպավորություն է՝ Մոսկվայում դժգոհ են ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունից:
Հարցին՝ ռազմավարական դաշնակցի վերաբերմունքը մե՞կ է, նա պատասխանել է. «Ռազմավարական դաշնակցի էմոցիաները, վերաբերմունքը քաղաքականության մեջ որևէ նշանակություն չունեն, կա շահ»:
Սիմոնյանը համաձայնել է լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ-ն և ՌԴ-ն տնտեսությամբ շատ կապված են իրար՝ այլ երկրների համեմատ, ասել, որ ոչ ոք դա չի ժխտում, բայց երբ ՀՀ-ի վրա ճնշում է գնում, դրան դիմադրելն ու ասելը՝ «հոպ», իրենց պարտականությունն է:
«Ասել՝ կանգնեք, հա, հասկացանք ձեր շահերը, բայց մեզ մի ոչնչացրեք, մենք ենք մեռնում, մեր երեխաներն են մեռնում: Այդ ի՞նչ տրամաբանություն է, մեր ռազմավարական գործընկերն է, ուղարկենք ևս 3,000 հոգի զոհվի՞»,-նշել է նա:
ԱԺ նախագահն ասել է, որ ՌԴ-ի հետ կռվելու նպատակ և հնարավորություն չունեն, չեն ունեցել, բայց նպատակ և անհրաժեշտություն ունեն պաշտպանվելու:
«Գիտեք ինչն է պրոբլեմը, որ ասել ենք՝ մեծ երկիր է, պետք է բան անենք: Դե, 30 տարի արեցինք: Ղարաբաղի կառավարությունը դա արեց: Ինձ այդտեղի ղեկավար ասում էր՝ դուք ՀՀ-ի մասին մտածեք, Ղարաբաղն այսօր ամենաապահով տեղն է, 44-օրյա պատրազմից հետո, ասում էր ձեր մասին մտածեք: Գրում էին՝ «Спасибо, Россия»»,-ասել է Ալեն Սիմոնյանը:
![]()