![]()
«Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումներ ունեցա մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների, ԱՄՆ սենատորների, ուղեղային կենտրոնների ղեկավարների և փորձագետների հետ։ Զրույցների ընդհանուր եզրակացությունը մեկն է՝ Հայաստանն այլևս դիտարկվում է որպես հնարավորությունների և ռազմավարական դիմադրողունակության նոր հանգույց՝ Սև ծով-Կովկաս-Մերձավոր Արևելք եռանկյունում»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը շարունակելով.
«Միջազգային գործընկերները մի բանում են վստահ՝ ԱՄՆ-ի կողմից վերջին ամիսներին բացված դուռը Հայաստանի համար կարող է դառնալ անշրջելի ուղղություն, եթե մենք ինքներս չփակենք այն։ Խոսքը չափելի, բովանդակային համագործակցության մասին է, որի տրամաբանությունն ու ծավալը միասին հիմք են ստեղծում ոչ միայն տնտեսական աճի, այլև պետական դիմակայունության և անվտանգության համար։
Մյունխենում ոչ ոք չի հավատում խաղաղությանը՝ խոսքերով, թղթերով տրամաբանությամբ։ Խոսում են խաղաղության հիմքի մասին՝ տեխնոլոգիական հզորություններով, էներգետիկ ինքնաբավությամբ, պաշտպանական կարողություններով և ուժեղ ինստիտուտներով։ Այլ կերպ ասած՝ խաղաղությունը ընկալվում է որպես կարողություն՝ ոչ թե հույս։
Հայաստանում քննարկվող օրակարգերը հաճախ կտրված են այս իրականությունից։ Մյունխենում խոսակցությունը ինքնիշխանության, դիմադրողունակության, պետական ինստիտուտների ամրապնդման և փոփոխվող աշխարհում ճիշտ դիրքավորման մասին է։ Ժամանակն է համադրել այս իրականությունները՝ լսել, համեմատել, գործել։ Եթե Մյունխենում Հայաստանը տեսնում են որպես հնարավորություն, մենք իրավունք չունենք մեր օրակարգը մշտապես կառուցելու միայն ռիսկերի շուրջ։
Դիմակայունությունը չի գալիս վաղը՝ ինքն իրեն․ այն կառուցվում է այսօր՝ ճիշտ գործընկերություններով և ռազմավարական մտածողությամբ։ Սա կարող է դառնալ անշրջելի գործընթացի սկիզբ, եթե մենք ընտրենք այն շարունակել՝ հետևողական, սառնասիրտ և պետական շահը կենտրոնում պահելով»։
![]()