Հայաստանի հետ մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի․ Ալիև

«Պատմական այդ փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի ժամանակաշրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի»:

Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև։ Ստորև հատվածաբար ներկայացնում ենք հարցուպաատասխանի թարգմանությունը։

– Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով՝ Ձեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Ստորագրվեց հռչակագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության դադարեցման վերաբերյալ՝ տրանսպորտային ուղիների վերականգնման և հարաբերությունների կարգավորման խոստումներով։ Կարո՞ղ եք ասել՝ մոտ ապագայում կհաստատվի լիակատար խաղաղություն և հարաբերությունների լիակատար կարգավորում։

– Կարծում եմ՝ այո, քանի որ այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, ով, ի դեպ, նաև ստորագրել է համատեղ հռչակագիրը որպես վկա, նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի։ Այդ ժամանակից ի վեր անցել է ավելի քան վեց ամիս, և Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Այլևս փոխհրաձգություններ չկան, զոհեր չկան, վիրավորներ չկան։ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրեց Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները: Մենք նաև սկսեցինք Հայաստանին մատակարարել նավթամթերք, ինչը փաստացի նշանավորում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել: Որոշակի ընթացակարգեր պետք է կատարվեն նախքան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Սակայն ձեր նշած հռչակագրի հետ մեկտեղ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախաստորագրեցին նաև խաղաղության համաձայնագրի տեքստը: Այսպիսով, իմ կարծիքով, աշխատանքն ավարտված է: Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետը կիսում է այս կարծիքը: Մենք պարզապես սովորում ենք խաղաղ ապրել, և դա շատ լավ զգացողություն է։

-Փոխնախագահ Վենսն այցելեց երկու երկրներ։ Հայտարարվեց ռազմավարական գործընկերության մասին, որի շրջանակներում ԱՄՆ-ն Ադրբեջանին զենքեր կվաճառի։ Կա նաև այսպես կոչված ԹՐԻՓՓ նախագիծը՝ մայրուղի և երկաթուղի, որը Հայաստանով կապում է ձեր Նախիջևանի էքսկլավը։ Սա պարզապես երա՞զ է, թե՞ իրականում կիրականանա և կփոխի դինամիկան։

-Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա։ Պատճառներից մեկն այն է, որ, կրկին, Միացյալ Նահանգները վճռորոշ դեր է խաղացել այս գործընթացում։ Եվ այն երթուղին, որը կապելու է Ադրբեջանի երկու մասերը Հայաստանի միջով և այնուհետև դեպի եվրոպական մայրցամաք, անվանակոչվել է նախագահ Թրամփի անունով՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական պարտավորությունը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ ԹՐԻՓՓ-ը կկառուցվի։ Հեռավորությունը այդքան էլ մեծ չէ՝ 40 կմ-ից մի փոքր ավելի։ Ի դեպ, երկաթուղին, որը կառուցում է Ադրբեջանը մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահմանը, մոտ 400 կիլոմետր երկարություն ունի։ Բացի այդ, մեր Նախիջևանի էքսկլավի սահմաններում գրեթե 200 կիլոմետր ճանապարհ կվերականգնվի։ Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածը, ինչպես մենք ենք այն անվանում, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի։ Ինչ վերաբերում է փոխնախագահ Վենսի այցին, այո՛, դա շատ կարևոր այց էր: ԱՄՆ փոխնախագահի այցը կարևոր է ցանկացած երկրի համար: Այս դեպքում այն նշանավորվեց ԱՄՆ-ի և Ադրբեջանի կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ: Այսպիսով, մենք դարձել ենք աշխարհի ամենահզոր երկրի պաշտոնական ռազմավարական գործընկեր, և մենք սա համարում ենք մեր երկրի համար մեծ հաջողություն: Այս ռազմավարական հռչակագիրը հրապարակվել է մամուլում, և այն պարունակում է տարբեր բաժիններ: Դրանցից մեկը վերաբերում է պաշտպանական ապրանքների վաճառքին, բայց ոչ միայն: Այն նաև ներառում է էներգետիկան, կապը, արհեստական բանականությունը, ներդրումները և առևտուրը, ինչպես նաև՝ Ադրբեջանին զենքի մատակարարման բոլոր սահմանափակումների վերացումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ