![]()
2024-ի ապրիլին մենք դուրս ենք եկել պատմության զոհասեղանին դրված ազգի և պետության կարգավիճակից և ոտք ենք դրել ազատ, ինքնիշխան զարգացող պետության ճանապարհին։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ ճանապարհն անցնում ենք սպասվածից ավելի մեծ արագությամբ և արդյունավետությամբ։
«Հիմա 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունն ինչի՞ մասին է լինելու։ Ընտրությունը լինելու է՝ մտնում ենք 1853-56-ից 2022-23-ի ուղեծի՞ր, թե՞ շարունակում ենք խաղաղության, ինքնիշխանության, անկախության, պետականության, բարեկեցության, զարգացման, ապաշրջափակման և ի վերջո, երջանկության ուղեգիծը։ ՈՒրիշ բանի մասին չէ այս ընտրությունը։
Հարցնում եք՝ առաջադրվում է վարչապետի թեկնածու, ինչ կասեք (նկատի ունի Կարապետյանին-խմբ․)։ Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելու վերջին փորձն է, Հայաստանի Հանրապետությունը որպես չպետություն հայտարարագրելու վերջին փորձն է։ Եվ գիտե՞ք ինչ․ ես կարծում եմ, որ գիտեմ, ինչ է զգում և մտածում մեր ժողովուրդը, եթե չիմանայի, թե ինչ է մտածում, զգում, և ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես չէի կարող՝
ա․ հայտնվել ՀՀ վարչապետի պաշտոնում
բ․ այս ամեն ինչի միջով անցնելով շարունակել մնալ ՀՀ վարչապետի պաշտոնում։
Թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերը իրար հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։
2026 թվականից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, և չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող, ասենք, նախկին նախագահ և այլն»։
![]()