![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, պետք է ՌԴ-ից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։
«TRIPP-ի շրջանակներում հիմա կան ուժեր, որ ասում են` եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, շրջանցի Հայաստանը․ չմտնի Հայաստան։ Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ Հայաստանը ո՞նց շրջանցի, Հայաստանը մեր գործընկերն է, այս ծրագրի մաս է, և այլն։ Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են, դե տեսեք՝ Հայաստանի երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է։ Ցավոք, Ռուսաստանի և շատ երկրների հարաբերություններ սուր են, բայց մենք ասում ենք, որ երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է և Ռուսաստանը մեր համոզմամբ, չի ցանկանում և գործնականում էլ որևէ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։
Սրա մասին ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չէ Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է։ Այս միտքը գնալով բյուրեղանում է։ Ես էլի եմ ասում, որ մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ մտադրություն, ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենալու ենք։ Բայց հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք մեր ռազմավարական դիրքերի, մեր մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։
Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և ՌԴ հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ-ն, Քաթարը կամ որևէ այլ երկիր, երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և Ռուսաստանի Դաշնության, և Հայաստանի հետ։ Ես գոնե նման երեք երկիր գիտեմ»,- ասաց վարչապետը։
![]()