Ասում են կողմ ենք խաղաղությանը, բայց կողմ չենք 29.743 քառակուսի կմ-ին․ սա նշանակում է՝ պատերազմ ես հայտարարում

Ցավոք սրտի Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք համարում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չի իրենց, որովհետև այդ դեպքում Հայաստանը կդառնա լիրաժեք անկախ պետություն:Իսկ եթե թշնամանք կա՝ Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի ամուր գրկել Ռուսաստանին։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով․

«Մենք այս տարածաշրջանում ենք ապրում և ունենք 4 հարևան, ո՞վ է արդյունավետ ղեկավարը, ով ուզում է այդ 4 երկրի հետ ունենալ լավ հարաբերություններ և խաղաղությո՞ւն, թե՞ նա, ով ուզում է հրահրել հակասություններ»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին հարևան երկրների նկատմամբ սադրելու, կախվածությունը մեծացնելու նպատակով ինչ-որ հակադրություններ ստեղծելու տեսակետը Ռուսաստանում շատերը չեն կիսում, այդ թվում՝ իր գործընկերներ Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը։ Նրանք, ըստ Փաշինյանի, համարում են, որ խաղաղությունը օգտակար է և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին, և՛ տարածաշրջանի երկրներին:

«Տեսեք, էսօր ի՞նչ են ասում, ի՞նչ թեզեր կան: Ասում են մենք կողմ ենք խաղաղությանը, բայց կողմ չենք 29.743 քառակուսի կիլոմետրին: Սա աբսուրդ հայտարարություն է, որովհետև եթե կողմ չես 29.743 քառակուսի կիլոմետրին, դա նշանակում է, որ հետաձգված թե անմիջապես վաղը պատերազմ ես հայտարարում: Միանշանակ և աներկբա»,- ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ