Կարապետյանը Պուտինի ասածը չանի՝ կպատժվի. ամսական 15-20 հազար դոլար են ծախսում մարդկանց մոբիլիզացնելու համար

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ պարզ է, թե Սամվել Կարապետյանի քաղաքական կարիերան ինչ ավարտ է ունենալու:

«Կա մոսկովյան ռեպորտ կոչվող ցանկ, որտեղ ներկայացված են 200 բիզնեսմենների անուններ, այդտեղ կա նաև Սամվել Կարապետյանի անունը, և ֆիքսված է, որ նա Պուտինի տնտեսական գործունեության հետ շաղկապված անձ է փողերի լվացման առումով: ԱՄՆ-ն նրան համարում է Պուտինի հետ փողեր լվացող անձ, հետևաբար նա TRIPP-ի հետ որևէ կապ ունենալ չի կարող: Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում անցնում է մի քրեական գործով, որը վերաբերում է այնտեղի ամենաթանկ դղյակներից մեկի առքուվաճառքին: Նա մեղադրվում է «Գազպրոմ»-ի հետ աֆիլացման և այդ դղյակը փողերի լվացմամբ գնելու համար»,- ասում է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ որքան էլ քաղտեխնոլոգներ ներգրավեն, այս մարդկանց երևակայությունը բացի լավ կադր ընտրելուց ու մակիաժից՝ ուրիշ բանի պիտանի չէ. «Ո՛չ շանս, ո՛չ հեռանկար, ո՛չ ապագա»:

Վերջինս այն համոզմանն է, որ Ռոբերտ Քոչարյանը երազում է վերադառնալ իշխանությանը և փորձում է մնացածի ճանապարհը փակել, այսինքն՝ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը ուզում են «քերել» այն ձայները, որն ունի Քոչարյանը: Սարգսյանը կարծում է, որ նա կարող է 8 տոկոսը չհաղթահարել. «Պուտինը կգերադասի բանակցել Քոչարյանի հետ, քան Սամվել Կարապետյանի: Կարապետյանը Պուտինի ասածը չանի՝ կպատժի, անկյուն կկանգնեցնի»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ Սամվել Կարապետյանը ամսական 15-20 հազար դոլար է ծախսում, շտաբներ բացում, ավտոբուսներով շրջում և այլն. ««Մեր ձևով»-ում մեծ մասամբ պատեհապաշտներ են»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում նաև խոսել է այլ հարցերի շուրջ, որին կարող եք ծանոթանալ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ