![]()
Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ամփոփել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան:
Նրա խոսքով՝ այցի հիմնական նպատակը վերահաստատելն էր Միացյալ Նահանգների հանձնառությունները, որոնք ստանձնել էին 2025 թվականի օգոստոսի 8-ին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և ճանապարհները ապաշրջափակելու համատեքստում:
«Վերջին շրջանում էական դինամիկա ունենք խաղաղության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման առումով»,- ասում է նա:
Ըստ Կոստանյանի՝ տարածաշրջանում բոլոր կապուղիների ապաշրջափակումը ՀՀ-ի համար մեծ կարևորություն ունի և մեծ հնարավորություններ է բացելու. «TRIPP-ը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մի հատվածն է»:
Հարցադրմանը՝ ՌԴ-ն կարո՞ղ է TRIPP-ին մասնակցություն ունենալ, ԱԳ փոխնախարարը ընդգծում է՝ ՌԴ-ն ճանապարհների ապաշրջափակման առաջին շահառուն է. «Մենք տեսնում ենք, որ ռուսական ցորենը ՀՀ է տեղափոխվում Ադրբեջանով»:
Իսկ թե որ ընկերությունները և պետությունները կներառվեն TRIPP-ում, այս պահին հայտնի չէ:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, նա նկատում է՝ հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսի որոշումներ կկայացվեն ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ պաշտոնյան ասում է՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները վերջին ամիսներին ավելի դինամիկ են զարգանում, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները. «Հուսանք՝ թուրքական կողմը սա հաշվի կառնի և գետնի վրա քայլեր կկատարի»:
Կոստանյանը կարևորում է հայ և ադրբեջանցի հասարակությունների շփումները. «Հաշվի առնելով սա՝ կարևոր են քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպումները»:
ԱԳ պաշտոնյան շեշտում է, որ Հայաստանը չի զարգացնում իր հարաբերությունները մեկ երկրի հետ ընդդեմ մյուսի, այլ բալանսավորված քաղաքականություն է վարում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()