Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել դատական արգելքը շրջանցելու և Բուլղարիայում ընկերության բաժնեմասերը 23,85 մլն եվրոյով վաճառելու համար:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն, Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով՝ կայացման պահից օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտ չկատարելու համար:

Հիշեցնենք՝ 2025-ի նոյեմբերի 28-ին, Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել էին, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:

Նշված դիմումով Գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը:
Դատարանը բավարարել էր դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնված է եղել Գագիկ Ծառուկյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ