Չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու․ վարչապետը՝ մի քանի երկրի քաղաքացի Կարապետյանի մասին

ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմի կողմից կուսակցություն ձևավորելու և Սահմանադրության փոփոխությունների միջոցով Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու մտադրություններին։

Խոսելով կուսակցության հիմնադրման մասին, վարչապետն ասաց՝ ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ

«Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։ Հետևաբար դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի։ Եվ, հետևաբար, գոյություն չունեցող բանը ես, անկեղծ ասած, հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց վարչապետը։

Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Նշենք, որ տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է։

Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել է տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ